Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրելի է համարել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը` գրավի չափը սահմանելով 3 մլն դրամ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը` հավելելով, որ գրավն արդեն վճարված է։ Այս պահին վարույթն իրականացնող մարմնին ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի Լիանա Կարապետյանն ազատ արձակվի։
Փաստաբանը նշեց, որ դատարանը քննել է նաև Լիանա Կարապետյանի ձերբակալման որոշման դեմ իրենց ներկայացրած բողոքը և ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել։
Հիշեցնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյան նկատմամբ մեղադրանք է առաջադրվել օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրանից բացի մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:
Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200-րդ հոդվածի 3-րդ մասով (առևտրային կաշառքը)։
«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին (Լիանա Կարապետյան)՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), իսկ Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ: