Ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց առաջ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց առաջ. armeniasputnik.am

Այս պահին Հանրապետության հրապարակում և Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգում վերջին շտկումներն են կատարվում երեկոյի տոնական միջոցառումների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Նրա խոսքով` ամեն ինչ պատրաստ է, և  ընդամենը մի քանի ժամից տեղի կունենա հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը, որը կուղեկցվի հետաքրքիր տոնական մյուզիքլով։ Դրանից հետո տոնական միջոցառումները կշարունակվեն Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգում. այստեղ տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան  տոնավաճառի բացումը, որը կշարունակվի համերգային ծրագրով։

Վիրաբյանը խոստանում է, որ այսօրվանից մինչև հունվարի 13-ն ամեն օր այգում համերգային ծրագրեր, հետաքրքիր երեկոներ են լինելու, լավ երաժշտություն է հնչելու։

«Ես վստահ եմ, որ այգին ամանորյա այս իրարանցման  ժամանակ դառնալու է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասպասված ու սիրված վայրը»,– ասաց Վիրաբյանը։

Փոխքաղաքապետն անդրադարձավ նաև հնչող քննադատություններին, որ քաղաքի Ամանորյա ծախսերը խիստ չափազանցված են։

«Կարծում եմ, որ երևանցիները, մայրաքաղաքի հյուրերը արժանի են, որպեսզի ունենան նման մոտեցմամբ, նման ուշադրությամբ պատրասված միջոցառումների շարք»,– ասաց Վիրաբյանը` վստահություն հայտնելով, որ երևանցիներն ու հյուրերն իրենց ավելի շոյված կզգան, երբ տեսնեն այն ամենը, ինչը կազմակերպվել է իրենց համար։

Հիշեցնենք, որ այսօր 20։00-ին կվառվեն Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը։

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը 325 միլիոն դրամ (շուրջ 677 հազար դոլար) կծախսի Նոր տարվա միջոցառումների համար, որից 271 միլիոնը կառավարությունն է տրամադրել, 54 միլիոնն էլ ընթացիկ բյուջեով է հատկացվել։ Նախատեսված ծախսերը հասարակությունը որ  միանշանակ է ընդունել, հնչել են նաև  սուր քննադատություններ։

armeniasputnik.am