Հաշվի առնելով Արցախյան կարգավորման բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի աղետալի հետևանքները հայկական պետությունների համար՝ Ադեկվադ միաբանությունը որոշում է կայացրել հանդես գալ մի խաղաղասիրական նախաձեռնությամբ, որը կոչված է փորձել նվազեցնել հակամարտող կողմերի միջև լարման աստիճանը: Որպես բարի կամքի դրսևորման նախաձեռնություն, մենք ցանկանում ենք փորձել կառուցողական համագործակցության հող գտնել մի կողմում հայտնված միջազգային հանրության՝ ի դեմս ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության ու ՀՀ իշխանությունների և մյուս կողմում հայտնված բոլոր այն անհատներին ու կառույցներին միջև որոնք մտահոգիչ են համարում հայկական պետություններին պարտադրվող պարտավորությունները:
Սեփական նախաձեռնությամբ հանդես գալու այս որոշումը կայացվել է հաշվի առնելով մեր տարածաշրջանում բազմաթիվ բախվող շահերի միակ բնական, օրինաչափ ու տրամաբանական անկյունաքարը՝ այն է կենտրոնական Ասիայի էներգակիրների տարանցման նախագծերը և դրանց անվտանգությունը շահագրգիռ կողմերի համար: Հիշյալ նախագծերի շուրջ ստեղծված շահերի բախման արդյունքում է, որ ստեղծված իրավիճակում կողմերից մեկը ստիպված պետք է որոշակի զիջումների գնա: Հասկանալի պատճառներով ոչ ոք չի ուզում ստանձնի այդ պարտավորությունն ու դրանից բխող քաղ-տնտեսական պատասխանատվությունը, թեպետ զիջմանը փաստացի այլընտրանք չկա:
Հետամուտ լինելով մեր հիմնարար արժեքներից մեկին՝ այն է քարոզել ճիշտ ճանապարհը սեփական օրինակով, Ադեկվադ միաբանությունը ցանկանում է սեփական օրինակով ստանձնել այդ անհրաժեշտ զիջումների մի փոքր մասը, որը ըստ մեզ անկյունաքարային է հակամարտության լուծման և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Քաջ գիտակցելով որ մեր սահմանափակ հնարավորություններ թույլ չեն տա բավարար զիջումներ ապահովել բոլոր շահագրգիռ խմբերին բավարարելու համար, մենք որոշել ենք կենտրոնանալ այս խնդրի կարգավորման մի գործոնի վրա՝ այն է ՀՀ ներկայիս նախագահի անձնական ֆինանսական շահագրգռվածությունը:
Հաշվի առնելով խողովակաշարերի բաժնետերերի համար նավթային և գազային ենթակառուցվածքների խոցելիությունից բխող ֆինանսական կորուստները, մենք պարտավորվում ենք ծագող ռիսկերի նվազեցման նպատակով փոխհատուցենք վնասների որոշակի մասնաբաժինը: Ադեկվադ միաբանությունը մասնավորապես այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ կմատակարարի որոշակի քանակի նավթամթերք: Մատակարարվող նավթամթերքի քանակը կախված է լինելու մի կողմից վերոհիշյալ նախագծերում Արմեն Սարգսյանի անհատական փայաբաժնի չափից մյուս կողմից Ադեկվադ միաբանության տրամադրության տակ գտնվող դրամական և այլ միջոցներից: Այս առաքումները կոչված են փոխհատուցել ստեղծված իրավիճակից բխող հավելյալ ծախսերի գոյացումը՝ անձամբ Արմեն Սարգսյանի համար և հետևաբար կոչված են անուղղակիորեն նվազեցնել սեփական ներդրումներն ապահովագրելու նպատակով հայկական պետություններին տարածքային կամ այլ տեսակի զիջումներ պարտադրելու իր օբյեկտիվ շահագրգռվածությունը:
Հարկ է նաև նշել, որ այս նախաձեռնության հաջողությունը և առաքվող նավթամթերքի քանակը կախված կլինի նաև մեր պոտենցիալ գործընկերների կողմից ձեռնարկվելիք քայլից: Սահմաններին վրա տեղի ունեցող զինված միջադեպերի նվազեցումը, սահմաններից ներս գործող գործակալական ցանցի տեղեկատվական գրոհների դեակտիվացումը, ներքին քաղաքական շահարկումների ու դավադրությունների չեղարկումը կարող են դիտարկվել որպես հակառակ կողմից փոխադարձ բարի կամքի դրսևորում: Անձամբ Արմեն Սարգսյանը կարող է ստանձնել օրինակ իրեն որպես ՀՀ նախագահ վերապահված սահմանադրական լիազորությունների առնվազն մասնակի ստանձնումը գոնե իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը պահելու և իշխանության զավթումը չլեգիտիմացնելու գործում:
Սույն, անվանենք այն «նավթ չեզոքության դիմաց», ծրագրի շրջանակներում մենք կարող ենք մեր վրա ստանձնել բոլոր այն քայլերի ապահովումը որոնք կհանգեցնեն Արմեն Սարգսյանին մատակարարվելիք նավթի քանակի աճին: Հնարավոր է ներգրավել ազգային օրակարգին հավատարիմ անհատների ու կառույցների ֆինանսական միջոցները, կարելի է նույնիսկ կազմակերպել քրաուդֆանդինգ միջոցառումներ որտեղ ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց լուման ներդնեն տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Հնարավոր է քննարկել փոխադարձ վստահության մեխանիզմներին ներդրման լայն գործիքակազմ:
Մենք հավաստիացնում ենք միջազգային հանրությանը և դրա գլոբալ քաղաքական-ֆինանսական շրջանակներին ու ավելի տեղայնացված անհատ ներկայացուցիչներին ու գործակալներին, որ պատրաստ ենք քննարկել և գործուն քայլեր ձեռնարկել Արցախի տարածքային ամբողջականության և ժողովրդագրական պատկերի անառիկության դիմաց նավթամթերքով կամ ցանկացած այլ ավելի լիկվիդային արժեք ունեցող փոխադրամով փոխհատուցելու հնարավորությունը: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած գին: Մեր համար Արցախի Հանրապետության վարչական սահմանների և ժողովրդագրական պատկերի անառիկությունը անգնահատելի է, բառացիորեն անգին է: Ըստ այդմ հակառակորդի կամ թույլ տվեք ասել՝ մեր հնարավոր գործընկերների ցանկացած պահանջարկ, միևնույն է ավելի քիչ է լինելու, քան մեր գնահատականը: Սա կարծում ենք կառուցողական համագործակցության ամուր հիմք է հանդիսանում:
Հարատև խաղաղության հասնելու բոլոր անհրաժեշտ հիմքերը կան: Մենք պատրաստ ենք վճարել ցանկացած գին, դուք պարզապես պետք է մեզ թույլ տաք այդ վճարվելիք գումարները վաստակել մեր հայրենի հողում: Իրողությունները եկել են ապացուցելու, որ Հայաստանում կազմակերպված հեղաշրջումների փորձերը և այդ գործողությունները սպասարկող գործակալական ցանց ֆինանսավորելը հայկական պետություններից զիջում շորթելու լավագույն եղանակը չէ: Կան տարբերակներ որոնք թույլ կտան մեզ պահպանել մեր քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող ֆիզիկական և մշակութային բնագծերը, իսկ մեր արտաքին քաղաքական գործընկերներին ու իրենց տեղական գործակալներին թույլ կտան ապահովել թեկուզ և հոգեպես սնանկ բայց գոնե ֆինանսապես անհոգ գոյատևումը:
Հուսով ենք, որ մեր նախաձեռնությունը արձագանք կգտնի, եթե ոչ հակամարտության բոլոր շահագրգիռ կողմերի շրջանակում, ապա գոնե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոգում:
Խնդրում ենք ԶԼՄ-ներին հնարավորինս լուսաբանել այս նախաձեռնությունը, որպեսզի այն հնարավորինս լայն տարածում ստանա, թե մեր այս հակամարտությամբ պառակտված տարածաշրջանում և թե լուծման փնտրտուքներում մոլորված մեր միջազգային գործընկերների շրջանակներում, քանի որ ինչպես հայտնի է՝ «խաղաղությունը մի բան է որի այլընտրանք պատերազմն է»:
Կանխավ շնորհակալ ենք բոլոր կողմերին:
Հ.Գ. ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի խնդրում ենք հուշել որ չմոռանա իրեն ուղղված մեր միաբանության հրավերի մասին:
Արթուր Դանիելյան