Պատահական հանդիպում, թե՞… Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը երևանյան սրճարանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատահական հանդիպում, թե՞… Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը երևանյան սրճարանում

Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանն այսօր հանդիպել են երևանյան Flagman սրճարանում: VERELQ-ի թղթակիցը ականատեսն է եղել, թե ինչպես են նրանք զրուցում, ինչից հետո Սամվել Բաբայանը հեռացել է:

VERELQ-ի թղթակիցը Սամվել Բաբայանից հետաքրքրվել է, թե ի՞նչ բանակցություններ էր վարում Հարությունյանի հետ.

«Ոչ մի բանակցություններ չեն եղել, ես բանակցություններ չեմ վարում»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ անելիքներ ունի հետագայում Բաբայանը, վերջինս արձագանքել է. «Մենք գնում ենք մեր ճանապարհով, ոչ մեկի հետ ոչ մի բան չենք քննարկում: Ընթացքում ամեն ինչ կտեսնեք»:

Իսկ ահա Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Սամվել Բաբայանին սրճարանում հանդիպել է պատահմամբ: Նա այդտեղ պետք է հանդիպեր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, ինչի մասին վկայում է նաև մեր լուսանկարը, և պարզապես մի քանի րոպե զրուցել է Սամվել Բաբայանի հետ, ով այդ պահին նույնպես այդտեղ է եղել:

Հիշեցնենք, օգոստոսին մամուլը գրեց այն մասին, թե Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը հանդիպել են և քննարկել գալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Ավելի ուշ, սակայն, Հարությունյանը հայտարարեց, թե «եթե պատահական դրսում որևէ մեկի հետ հանդիպում ես, դա դեռ չի նշանակում, որ պայմանավորվածություն է եղել»:

verelq.am