Երևանում բեռնատարը կողաշրջվել է մարդատար ավտոմեքենայի վրա. կան տուժածներ և զոհ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում բեռնատարը կողաշրջվել է մարդատար ավտոմեքենայի վրա. կան տուժածներ և զոհ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 24-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացել, որ Երևանի գաջի գործարանի մոտ (ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» հաշվառման-քննական բաժանմունքի մոտակայքում) տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցից գաջի գործարան տանող ճանապարհին՝ հեղուկ գազի լիցքավորման կետի մոտակայքում, երկաթյա թիթեղի գլանակներով բարձված «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վահան Ա., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանած «Mercedes» (վարորդ՝ Արա Գ., ծնված 1981 թ.) և «Renault Logan» (վարորդ՝ Դավիթ Հ.) մակնիշների ավտոմեքենաներին և կողաշրջվել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատահարի հետևանքով փլուզվել է «Ստարտ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազի գազալցակայանի պարիսպը (մոտ 15 քմ), իսկ բարձված գլանակները դուրս են թափվել բեռնատարի թափքից և գլորվել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վրա, ով տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հեղուկ գազի լիցքավորման կետի աշխատակից Վահան Ա.-ն (ծնված 1979 թ.) և «MAN» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փրկարարները «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել երկաթյա թիթեղի գլանակների արանքից և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: