Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և PicsArt ընկերությունը համատեղ ջանքերով հիմնում են արհեստական բանականության (AI) հետազոտական լաբորատորիա, որն աշխատատեղեր կստեղծի դասախոսների և ուսանողների համար, որոնք կիրականացնեն նորարարական հետազոտություններ մեքենայական ուսուցման և համակարգչային տեսլականի (computer vision) ոլորտներում:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի ամերիկյան համալսարանից, ՀԱՀ-ը և PicsArt-ը միասին աշխատում են նոր մոդել ստեղծելու շուրջ, որը առաջ կմղի գիտությունն ու հետազոտությունը և կմեծացնի ակադեմիական ու մասնագիտական ունակությունները արհեստական բանականության ոլորտում՝ գիտությունն ու հետազոտության արդունքները արդյունաբերությանը կապելու միջոցով:
«Արհեստական բանականությունն արագորեն զարգանում է ամբողջ աշխարհում, և կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է այն զարգացնել Հայաստանում ևս: Մենք շատ ուրախ ենք, որ PicsArt-ի հետ համատեղ ջանքերով հիմնում ենք արհեստական բանականության լաբորատորիա, որը այդ ոլորտում հետազոտություններ իրականացնելու լայն հնարավորություններ կստեղծի: Ես ակնկալում եմ, որ այս նախաձեռնությունը մեզ առաջ կմղի տվյալ ոլորտում և կզարմացնի այլ երկրների», նշում է ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը:
Նախնական փուլում արհեստական բանականության լաբորատորիան աշխատանք կտրամադրի ՀԱՀ-ի երկու դասախոսի, առաջատար հետազոտողների, ինչպես նաև Համակարգչային գիտության և Տվյալագիտության բակալավրիատներում սովորող 15 ուսանողի: ՀԱՀ-ի դասախոսներն ու PicsArt-ի մեքենայական ուսուցման մասնագետները կսկսեն դասընթցներ անցկացնել 2020 թ.-ի հունվարից: Վեցշաբաթյա դասընթացից հետո լավագույն ուսանողներն արհեստական բանականության լաբորատորիայում աշխատանքի առաջարկ կստանան:
«Իմ ոգևորության համար երեք հիմնական պատճառ կա․ արհեստական բանականության ոլորտում իմ մասնագիտական փորձը, ՀԱՀ-ի հետ ունեցած սերտ կապը և Հայաստանին սպասվող հեռանկարները: Ես հույս ունեմ՝ ՀԱՀ-ի հետ միասին մենք կարող ենք զարգացնել արհեստական բանականության ոլորտը Հայաստանում: Կարծում եմ՝ սա մեր համագործակցության միայն առաջին քայլն է, և մենք միասին կարող ենք անել ավելին»,- նշում է PicsArt-ի հիմնադիր, ՀԱՀ-ի շրջանավարտ և ՀԱՀ կորպորացիայի հոգաբարձու Հովհաննես Ավոյանը:
«Արհեստական բանականությունն արագ զարգացող ոլորտ է, ուստի անչափ կարևոր է, որ այս կամ հարակից այլ ոլորտներում սովորող ուսանողները բարձրորակ կրթություն ստանան և ձեռք բերեն հետազոտական հմտություններ, ինչը նրանց մրցունակ կդարձնի աշխատաշուկայում:
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Քալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները»,- նշված է հաղորդագրության մեջ: