Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին
Advertisement 1000 x 90

Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի: Այս մասին նշված է Datalex.am-ում (Դատական տեղեկատվական համակարգ):

Արարատ Միրզոյանը վիրավորանքի և զրպարտության միջոցով իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել:

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը նոյեմբերի 24-ին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մերձավորներին՝ 26-28 հոգու, Երևանի ռեստորաններից մեկում խաշ է «պատիվ տվել», որի համար վճարել է 290.000 ՀՀ դրամ: Սամսոնյանը նշել էր նաև, որ չէր կարող Միրզոյանը մինչ իշխանության գալն իրեն նման «հաճույքներ» թույլ տալ. «Պարզ է, չէ՞, որ Արարատ Միրզոյանը մինչ իշխանական հաճույքներից օգտվելը նման բան իրեն չէր կարող թույլ տալ, պարզ է, չէ՞, որ մարդը, որ չի կարողանում ապառիկը վճարել, այսպիսի հաճույքների մասին երազել անգամ չէր կարող (գրառումը խմբագրված է թղթակցի կողմից)»,- նշել էր Սամսոնյանը։

Սամսոնյանի գրառումներին արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Սիրելիներս, տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար»,- գրել էր Միրզոյանը՝ նշելով, որ պատրաստվում է վիրավորանքի և զրպարտության համար դատական հայց ներկայացնել Սամսոնյանի դեմ: