«Ննջասենյակի հատակին կոտրված բաժակ էր ու ջուր, երեխան ընկած էր մոր վրա». նոր մանրամասներ Լոռու մարզի ողբերգական դեպքից
Advertisement 1000 x 90

«Ննջասենյակի հատակին կոտրված բաժակ էր ու ջուր, երեխան ընկած էր մոր վրա». նոր մանրամասներ Լոռու մարզի ողբերգական դեպքից

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկում 4 դի են հայտնաբերել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքի մասին աhազանգել են հարևանները։ Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ շտապօգնությունից ահազանգ են ստացել 13։40-ին։

Հարևաններից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, Sputnik Արմենիային հայտնեց` հավանաբար դեպքը եղել է գիշերը։ Աղմուկը բարձրացել է այն ժամանակ, երբ երեխաները դպրոց չեն գնացել, ուսուցիչներից մեկը եկել է պարզելու, թե ինչ է տեղի ունեցել։ Դուռը բացող չի եղել, հարևաններին է հարցուփորձ արել։ Շենքի բնակիչներից մեկը` երիտասարդ մի տղա, տեսել է, որ պատուհանը փակ չէ, մտել է ներս (բնակարանն առաջին հարկում է) ու հայտնաբերել դիակները։ Ամուսիններն ու երեխաներից մեկն ընկած են եղել հյուրասենյակի հատակին, իսկ մյուս երեխան` ննջասենյակում։

Ընտանիքի հայրը 48-ամյա Յուրա Իսրայելյանն էր, մայրը` 47-ամյա Գայանե Ալեքսանյանը, տղան` Սուրենը, 17 տարեկան էր, դուստրը` Դիանան` 15։

«Ննջասենյակի հատակին կոտրված բաժակ էր ու ջուր, երեխան ընկած էր մոր վրա։ Երևի տեսել է, որ մայրը վատ է զգում, փորձել է ջուր հասցնել նրան»,– պատմեց հարևանը։

Նրա խոսքով` ընտանիքը մի քանի տարի առաջ էր տեղափոխվել այս շենք։ Յուրան հացի փռում էր աշխատում, Գայանեն դասավանդում էր քոլեջում։ Հարևանները մի քանի օր առաջ տեսել են, որ նրանք շինանյութ էին տուն տանում, ամենայն հավանականությամբ ցանկանում էին նորոգման աշխատանքներ սկսել։

Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, առայժմ հստակ հայտնի չէ, բայց նախնական տեղեկություններով՝ պատճառը շմոլ գազն է եղել:

armeniasputnik.am