Ուղղաթիռից բարեմաղթանքներ՝ քաղաքի հյուրերի համար. Զբոսաշրջության կոմիտեն ամանորյա արշավ անցկացրեց (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ուղղաթիռից բարեմաղթանքներ՝ քաղաքի հյուրերի համար. Զբոսաշրջության կոմիտեն ամանորյա արշավ անցկացրեց

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն Ամանորին ընդառաջ Երևան այցելած զբոսաշրջիկներին, նաև քաղաքացիներին իր մաղթանքները հղեց՝ հետաքրքիր արշավով: Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի շրջակայքում երկու ուղղաթիռներ վերևից փուչիկներով բարեմաղթանքներ ուղարկեցին, կազմակերպիչները անցորդներին հյուրասիրեցին տաք հայկական գինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արշավը կայացավ դեկտեմբերի 26-ին:

«Նպատակն է պարզապես տարեվերջին մեր բարեմաղթանքը հղել բոլորին՝ Հայաստանի հյուրերին, քաղաքացիներին: Ճանաչողության բարձրացման բաղադրիչ չունի, սա ուղղակի ամանորյա բարի արշավ է»,- ասաց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսանն Սաֆարյանը:

Հրապարակի գլխավոր տոնածառի դիմաց կազմակերպիչները զբոսաշրջիկներին ու քաղաքացիներին բաժանեցին բացիկներ՝ բարեմաղթանքներով, հյուրասիրեցին տաք հայկական գինիներ, իսկ DJ սանտաներն ապահովեցին տոնական երաժշտական մթնոլորտը: Քաղաքացիներն ու զբոսաշրջիկներն արշավի շրջանակում նկարվեցին նաև #discoverArmenia տաղավարում՝ նույն գրությամբ հեշթեքով:

Սաֆարյանը նշեց՝ այս տարի տոներին ակնկալում են զբոսաշրջիկների հոսքի աճ, քանի որ բավականին մեծ իրազեկվածության արշավ են իրականացրել Վրաստանում և Ռուսաստանում: «Ամանորյա տոները լինելու են ավելի բովանդակալից, հետևաբար դա կազդի թվային ցուցանիշների վրա: Ամանորյա միջոցառումների շրջանակում գրեթե ամեն երեկո տեղի են ունենալու համերգներ»,-ասաց նա:

Արշավին միացավ նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց՝ կարծում է, որ իրազեկման մեծ աշխատանք է տարվել, և միանշանակ նախատոնական և տոնական օրերին զբոսաշրջային մեծ ներհոսք է ակնկալում: Անդրադառնալով հնչող այն քննադատություններին, թե Երևանի քաղաքապետարանը քաղաքի զարդարանքների համար մեծ գումար է հատկացրել՝ Ավինյանն ասաց. «Յուրաքանչյուր ծախս իր արդյունավետությունն ապացուցում է ժամանակի ընթացքում։ Ես կարծում եմ, որ նմանատիպ դրական մթնոլորտ Հանրապետության հրապարակում դեռևս չենք ունեցել: Նույն քննադատությունը մենք լսում էինք WCIT-ի մեծ համերգի կազմակերպման ժամանակ, սակայն իրապես շատ բարձր մակարդակի միջոցառում էր ստացվել»։ Նա հավելեց՝ քննադատություններ կարող են լինել, սակայն ժողովրդի ընդհանուր տրամադրությունները վկայում են, որ ծախսերն արդարացված են: