Այն ինչ կարելի է համարել արարչագործություն, մեր դիտարկած տիեզերքում նկատվում է երեք, միգուցե չորս անգամ:
Սա ոնցոր էներգիայի պահպանության օրենքի ակնհայտ խախտումներն են: Առաջինը ոչնչից ինչ-որ բանի և ինչ-որ բանի բացակայության ծնունդն է, մեծ պայթյունից հետո տարածության և ժամանակի ծնունդը մնացուկային էներգիայի հաշվին, երկրորդը կյանքի ծնունդն է, այն կարելի է մեկնաբանել որպես` ի հակադրումն առաջին արարչագործության տրոհումների և սինթեզների բնական օրինաչափության ինքն իրեն վերարտադրող և ինքն իր պաշտպանության համար ամեն գնով պայքարող միավորների միություն:
Ինքնապահպանության և վերարտադրության բնազդը ի սպառ օտար միջավայրում` կյանքի ամենազորեղ ուժն է, հենց կյանքն է: Երրորդ արարաչագործությունը գիտակցության ծնունդն է, երբ կենդանի առանձնյակը գիտակցում է ինքն իր գոյությունը և դնում է ներսի տարածության ու դրսի տարածության սահման` առանձնացնելով ինքն իրեն, ինքն իրեն սահմանելով գիտակցում է սեփական մահը իբրև տիեզերքի ամենամեծ ողբերգություն: Սեփական մահվան անխուսափելիությունը հակադրվում է ամեն գնով ինքնապահպանման բնազդին` ստեղծելով որոշակի էքզիստենցյալ էներգիա, հոգևորը: Կենաց և մահու ուժերի հակադրության մեջ ծնվում են մարդկային էության ամենայն չքնաղն ու ստորը, բերկրությունն ու տառապանքը: Ընկալելիից դուրս հնարավոր այնկողմնայինի գոյության կանխազգացումը և մահին արդարացում ու իմաստ հաղորդելու անելանելիությունը ծնում են միֆերը, հավատամքը, բարոյականությունը, քաղաքակրթությունը, կրոնը, տեխնոլոգիաները, իրավունքը, գիտությունը: Չորրորդ արարչագործությունը, կամ, որ նույնն է տիեզերական օրինազանցությունը եսի միֆականության գիտակցումն է և արթուն գիտակցությամբ ներսի և դրսի սահմանների վերացումը, ամենայնի նույնականության ընկալումը: Ինքն իրեն ոչնչից ծնած մարմինը և նրա մշուշոտ ինքնագիտակցությունը ազատագրվում են իբրև մեկ արարծի հոգսերից մաքուր գիտակցություն դարձած ինքն իր ակունքին և կարծես թե շղթան փակվում է, համենայն դեպս հետոն ընկալելի չէ մեզ համար: Այստեղ կարող ենք դնել միայն մեկ հիմնարար հարցադրում`որպեսզի արարչագործությունը տեղի ունենար, կամ պետք է մեր դիտարկածից դուրս ավելի զորեղ ուժի առկայություն, կամ արարչագործությունը ինքնաստեղծում և ինքնազատագրում է, այսինքն ամենայնի ներքին հատկությունը: Ես հակված եմ երկրորդին:
Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից: