Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը: Այս մասին հայտարարեց հենց Թովմասյանը, ով քննիչի հետ հանդիպումից ու իր նկատմամբ մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո ՍԴ բակում զրուցեց լրագրողների հետ՝ տեղեկացնելով, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց:
«Այս ողջ ընթացքում Սահմանադրական դատարանն աշխատել է առանց որևէ խոչընդոտի, ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք բեկումնային են լինելու իրավական համակարգի հետագայի համար: Գործընթացը, որը ներկայում ընթանում է, քաղաքական է և ոչ թե իրավական: Առաջադրված մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, և ընտրված խափանման միջոցը իրավական գործընթացի հետ որևէ աղերս չունեն»,- գործի նկատմամբ իր մոտեցումն արտահայտեց Թովմասյանը՝ նշելով, որ պաշտպաններն իրեն խնդրել են որևէ այլ մանրամասն չհրապարակել:
Սահմանադրական դատարանի անդամների վաղ կենսաթոշակի համակարգի ներդրման մասին լրագրողների հարցերին ի պատասխան նա նշեց, որ ՍԴ դատավորները հայրենասեր մարդիկ են, և չի կարելի անաշխատ եկամուտ ստանալուց հրաժարվելը համարել աթոռի կռիվ: