Տոնական օրերին ալկոհոլային խմիչքներից թունավորման դեպքերը սովորաբար ավելանում են: Մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել ալկոհոլային խմիչքները՝ թունավորումներից խուսափելու համար: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ խորհուրդ չի տրվում ալկոհոլային խմիչքների հետ օգտագործել ճարպոտ յուղոտ սննդատեսակներ:
«Նման դեպքում այդ ճարպերը չեն յուրացվում: Եթե մենք օգտագործում ենք մսամթերք, ապա լավագույն տարբերակը բանջարեղենի հետ այն ուտելն է: Մսամթերքում առկա կարևոր նյութերը լավագույն ձևով մարսվում են բանջարեղենի հետ»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:
Սննդամթերքը պատրաստելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ: Այն է՝ բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրի տակ, ուշադրություն պետք է դարձնել ձեռքերի հիգիենայի կանոններին: Խորհուրդ է տրվում քիչ քանակությամբ սննդամթերք պատրաստել, որպեսզի այն շուտ սպառվի: Աղցանները սենյակային ջերմաստիճանի պայմաններում չի կարելի պահել երկու ժամից ավելի, իսկ սառնարանային պայմաններում՝ երեք օր և ոչ ավելի: Մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ ճարպոտ սննդամթերքից: Նախընտրությունը տալ թռչնամսին և ձկնամթերքին, բանջարեղենին: Անհրաժեշտ է նվազեցնել աղի կիրառումը: Խորհուրդ է տրվել սահմանափակել գազավորված ըմպելիքի ու քաղցրավենիքի կիրառումը:
Մասնագետը հատուկ ուշադրություն հրավիրեց տնային պայմաններում պատրաստած պահածոներին՝ հորդորելով դրանք չօգտագործել: Ամեն դեպքում, եթե ուզում ենք օգտագործել, ապա մինչ այդ այն պետք է եռացնել 15 րոպե և ավելի: