«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չէր թաքցնում իր հայացքներն ու անձնական կապերը որոշակի շրջանակների հետ: Ակնհայտ է, որ նրա դեմ քրեական գործը ԶԼՄ-ների վրա անուղղակի ճնշման փորձ է: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Նրա խոսքով՝ «5-րդ ալիքի» շուրջ պրոցեսները պետք է դիտարկվեն վերջին շրջանում ԶԼՄ-ների շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: «Ամփոփելով այդ բոլոր դեպքերը՝ կարելի է եզրակացնել, որ դրանցում կա քաղաքական ենթատեքստ: Այդ բոլոր գործողություններն ուղղված են ԶԼՄ-ների աշխատանքի դեմ»,- նշեց նա:
Սեյրանյանը վստահ է, որ 2020 թվականը կդառնա ԶԼՄ-ների համար լուրջ մարտահրավերների շրջան, եւ ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ իշխանությունները դատական համակարգում իրենց համար ընդունելի իրավիճակի հասնեն, հաջորդ թիրախը կդառնան ԶԼՄ-ները: «Իշխանությունները լավ են գիտակցում ԶԼՄ-ների եւ սոցցանցերի նշանակությունը, որոնք, Փաշինյանի հավաստմամբ, առանցքային դեր են ունեցել հեղափոխության ժամանակ: Այսօր նրանք տեսնում են, թե ինչպես է ընդդիմադիր ԶԼՄ-ների լսարանը գերիշխում իշխանությունների քաղաքականությանը լոյալ ԶԼՄ-ներին: Հենց դա է պատճառը, որ իշխանությունները պիտակավորում են որոշ ԶԼՄ-ների: Սակայն կարող եմ ասել, որ ԶԼՄ-ները վերահսկողության տակ առնել չի հաջողվի, ինչպես չի հաջողվել նախորդ իշխանությունների ժամանակ: Ցանկացած դեպքում պետք է զգույշ լինել»,- եզրափակեց Ժուռնալիստների միության նախագահը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը:
news.am, YerevanToday