Տիգրան Մեծ փողոցի կանաչապատ տարածքը, այնտեղ գտնվող ջրամբարը վերածվում է բազմաֆունկցիոնալ համալիրի։ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ՝ Սուսաննա Պետրոսյանի «Պար Սամ եղբայրներ» ընկերությունն այգու տարածքում կառուցում է «Կայզեր» բազմաֆունկցիոնալ համալիր։
«Պար Սամ եղբայրներ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի հունիսին, միակ սեփականատերը Սուսաննա Պետրոսյանն է։ Ընկերության կապիտալը մոտ 3 միլիարդ դրամ է։ Ի դեպ, Պետրոսյանը ՀՀԿ-ից Երևանի ավագանու նախկին անդամ Արթուր Պետրոսյանի մայրն է։
Մոտ 2 ամիս է՝ տարածքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Նախկին ջրային տարածքը մի քանի տարի է` մետաղյա թիթեղներով առանձնացված էր։
Արխիվային լուսանկարներից երևում է, որ տարածքում նախկինում եղել է ջրավազան, կանաչապատ տարածք՝ նստարաններով։ Տարածքով հոսում է Հրազդան գետի առվակներից մեկը։
Երևանի քաղաքապետարանի՝ 2018թ.-ի մարտի 1-ի տված ճարտարապետահատակագծային առաջադրանքի մեջ նշված է, որ ընկերությանը տրամադրվել է մոտ 1,17 հեկտար տարածք, որտեղ պետք է կառուցվի առևտրի կենտրոնից, հյուրանոցային և գրասենյակային մասնաշենքերից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիր:
Ամիսներ անց՝ հունիսի 12-ին, «Պար Սամ եղբայրներ» ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ։ Ըստ որի՝ բազմաֆունկցիոնալ համալիրը կազմված է լինելու հինգ մասնաշենքից: Բոլոր մասնաշենքերը լինելու են եռահարկ, երկու նկուղային հարկերով։
Ամբողջությամբ՝ hetq.am