«Ոչ, չեմ կիսում այդ թալանը: Ես անպայման ձեր հետ կհանդիպեմ, կխոսեմ»,- այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կիսո՞ւմ է տեղի ունեցած թալանի պատասխանատվությունը ՀՀԿ անդամակացությունից հետո:
Նա հիշեցրեց, որ 7 կետով առնվազն բացատրել է, թե ինչու է անդամագրվում ՀՀԿ-ին, և հերքեց, որ կուսակցական դառնալու նպատակը պաշտոնավարումը երկարացնելն է. «Ճիշտն ասած, հանրապետականությունը դրա համար չէ: Ես 7 պատճառ նշել եմ, թե ինչու եմ դիմում, կա՞ այնտեղ այդ պատճառը: Այնքան բաներ են գրում, պատկերացնո՞ւմ եք ամեն գրածի պատասխանեմ: Ես չեմ վախենում, պատասխանում եմ, չեմ վախենում»:
Կ.Կարապետյանը դժգոհեց հարցին, թե Մոսկվայից երկա՞ր ժամանակով է եկել պաշտոն զբաղեցնելու. «Եթե ձեր հարցի մեջ ենթատեքստ չկա, ես այստեղ ծնվել եմ և այստեղ մեծացել»:
Վարչապետը չպատասխանեց, թե ո՞վ է բանան նոր ներկրողը` շեշտելով, որ յուրաքանչյուր ներկրողի անունը չի կարղ իմանալ, սակայն վստահեցրեց, որ այլևս որևէ խոչընդոտ չի լինի: Նա խոստացավ լայն ասուլիս տալ և պատասխանել բոլոր հարցերին: