Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Իրանցի գեներալներին ամերիկացիները սպանել են Բաղդադում: Այսինքն՝ երրորդ երկրի տարածքում ամերիկացիները սպանել են մի երկրի քաղաքացիների, որի հետ ԱՄՆ-ն պատերազմական իրադրության մեջ չի գտնվում: Ամերիկացիները մարդ են սպանել՝ շրջանցելով ՄԱԿ կանոնադրությունը, Ժնևյան ու Հաագայի կոնվենցիաները: Ամերիկացիները մարդ են սպանել առանց որևէ, կրկնում եմ՝ որևէ դատական ատյանի որոշման ու վճռի: Այսինքն՝ ամերիկացիները ցանկացել են մարդ սպանել ու մարդ են սպանել:
Բայց աշխարհի ուժեղների բարքերն այս պահին հանգիստ թողնենք ու անդրադառնանք մերոնց բարքերին: Ժողովրդի վարչապետի Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱՄՆ քաղաքացի է և անձնագիր ստանալուց հանդիսավորությամբ երդվել է, որ ծառայելու է միայն ու միայն ԱՄՆ-ին ու ԱՄՆ շահերին, այդ թվում՝ զենքը ձեռքին: Հայաստանի հպարտ հարկատուներից միլիոններով աշխատավարձ ստացող ԱՄՆ քաղաքացի ՀՀ պաշտոնյան Բաղդադում իր պետության կազմակերպած մարդասպանության մասին ի՞նչ կարծիք ունի, ինչ որ մեկը տեղյա՞կ է նրա կարծիքի մասին: Չէ որ տեսականորեն վաղն էլ ամերիկացիները կարող են նույն կերպ մարդ սպանել մեր կողմերում, ասենք՝ իրենց համար ոչ քմահաճ ինչ-որ գեներալի: Եվ քանի որ Զարեհ Սինանյանը հանդիսավորությամբ երդվել է պաշտպանել ԱՄՆ շահերն այդ թվում նաև զենքով, ապա տեսականորեն կարո՞ղ է չէ պատահել, որ սպանության հրամանը հենց նրան տան: Այդ դեպքում ի՞նչպես է վարվելու պարոն Սինանյանը: Կասեք՝ ինչու՞ եմ նման տրամաբանական, բայց տեսական հարց բարձրացնում: Ասեմ՝ որովհետև չեմ հասկանում. ինչու՞ պետք է Հայաստանի հպարտ հարկատուն առավոտից երեկո աշխատի ու միլիոններով աշխատավարձ տա մեկին, ով ՀՀ քաղաքացի չէ և ոչ մի իրավապայմանագրային կապ չունի ՀՀ շարքային հարկատուների հետ: Ինչու՞ պետք է մենք աշխատենք, հարկեր վճարենք, որ ԱՄՆ շահերը զենքով պաշտպանելու երդում տված մեկը միլիոններով աշխատավարձ ստանա»: