Երեկ՝ հունվարի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազնագ է ստացվել, որ դանակահարված վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Յաղուբյան փողոցի բնակիչներ, 29-ամյա Սուրեն Սիմոնյանը, ով հիվանդանց է տեղափոխվել «ձախ ազդրի շրջանում 2-3 ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և 31-ամյա Մհեր Ղազարյանը, ով հիվանդանց է տեղափոխվել «պոչուկի շրջանում 3-4 ծակած կտրած, ծոծորակի շրջանում պատռված վերք» ախտորոշմամբ:
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք ժամը 02:30-ի սահմաններում, Լեփսիուսի փողոցի թիվ 23 շենքի մոտ վիճաբանել են անհայտ անձի հետ, ով էլ իր մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նշված անձանց: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: