Տիգրան Հակոբյան. «Համեմատությունը ձեզ մեծ հաճույք/տխրությոն կպարգեւի»
Advertisement 1000 x 90

Տիգրան Հակոբյան. «Համեմատությունը ձեզ մեծ հաճույք/տխրությոն կպարգեւի»

Ուշադիր կարդացեք: Սա Հանձնաժողովի կողմից իրականացվող եթերի մշտադիտարկման տվյալներն են (կրոնական, ազգային խտրականության դրսեվորումներ, բռնության կոչեր եւ այլ օրենքով արգելված բովանդակություն պարզելու նպատակով): Առանձնացրել եմ նախորդ տարվա միայն նոյեմբեր-դեկտեմբերին մեկ հայկական հեռուստաընկերության մեկ քաղաքական հաղորդաշարի (հարցազրույցի ժանր) 21 հյուրերի խոսքից ընդամենը 21 շատ կարճ, բայց ելույթները բնութագրող մեջբերում: 21 հյուր, 21 նույնաբովանդակ ելույթ եւ մեկ թիրախ… Չեմ նշում հյուրերի անունները, կարեւոր չի: Կարդացեք, հետո կշարունակենք մեր զրույցը: Եւ այսպես…

1. «Փաշինյանին բերել են իշխանության, որ մերժի Արցախը: Նա փորձում է Հայաստանը վերածել կեղծ պետության»

2. «Փաշինյանի բուն թիմը պարտվում է իշխանության սորոսական թևին: Սպանված ոստիկանը հետևանք է Սորոսի գրասենյակի կողմից ֆինանսավորվող քարոզչության»

3. «Փաշինյանը հոգեխանգարումների մեջ է ընկնում, երբ լսում է Քոչարյանի ազգանունը: Չծառայած Փաշինյանը ընդգծված հակակրանք ունի զինվորական գեներալիտետի նկատմամբ»

4. Փաշինյանին՛ «Երկու ձեռքով պահիր ղեկը, ոչ թե մեկով սելֆի արա, մյուսով էլ՝ կեր: 350.000 –անոց վոյաժը ընտանիքով՝ ինչ արդյունք: Ես չեմ ուզում զարթնել լիբերաստների շրջանակներում»

5. «Եթե մտածում են 2-3 շրջան կտանք, կպրծնենք, չարաչար սխալվում են: Թանկարժեք վոյաժներ, ուղղաթիռով Ղարաբաղ գնալ, թանկարժեք մեքենաներ, հարկատուի հաշվին օլիգարխի նման ապրել: Չկա աշխարհում մի ժողովուրդ, որն ընկել է պարանոիկ պոպուլիստների խելքին և մեծ գին չի վճարել»

6. «Նա (վարչապետը) այդպես է ծնվել դաշույնի հատվածը թիկունքից, հիմա 44-45 տարեկան է, էդ մարդուն ոնց ուղղես: Վարչապետին. «Լսի՛ այ տղա, ինչ-որ անում ես բումերանգով գալու ա»: Սրան համեմատեմ այսպես, Փոքրիկ ցանկապատը չինական պարսպի հետ» (Պուտին- Փաշինյան)»

7. «Ընտրություններին մասնակցել է ժողովրդի 40%-ը: Ինձ նման 60 % չի մասնակցել: 40% -ը ժողովուրդ չի: Նիկոլը պետք է գնա: Ջրիկ պերճախոսությամբ, որ նա խաբեց ժողովրդին, լավ հազարին խաբեց, հո բոլորին չի խաբելու:

8. «Նիկոլն իմ ճանաչած ամենավախկոտ մարդն է: Նա ձգտել է իշխանության, ոչ թե որ իր գլխում ունեցել է ռեֆորմներ, որ պետք է իրականացնի, այլ ունի լիբերալ հակումներ իշխանության նկատմամբ: Փաշինյանը այդքան հեղինակություն և ուժ չունի, որ հողեր հանձնի, հանձնելու համար էլ է ուժ պետք»

9. «2020 թ.-ը մենք կապրենք առանց Նիկոլ Փաշինյանի: Այս իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել, պետք է անհապաղ ազատվել»

10. «Նիկոլ Փաշինյանը այլևս քաղաքական օլիգարխ է: Փաշինյանը հանցավոր անպատասխանատվություն և կիսագրագիտություն ունի Արցախյան հարցում, հանցավո՛ր»

11. « Պարո՛ն Փաշինյան, Դուք ինչից եք վախենում, երբ շրջում եք մեծ թիկնազորով, սեփական ժողովրդի՞ց: Իրենց համար ցանկացած ազգային խնդիր համարվում է ռեգրեսիվ, հետադիմական: Սա գլոբալիզացիոն կառույցների բնորոշ ձեռագիրն է, որոնք իրականում մարգինալ խմբեր են»

12. «Ազգային ճակատի ստեղծումը սյլևս օրախնդիր է: Իրենք այսօր իրականացնում են այս քաղաքականությունը, զրկել այս տարածքում բնակվող, ազգություն ունեցող, ճանաչող մարդկանց իրենց արմատներից, որովհետև դրա արդյունքում շատ ավելի դյուրին է դառնում միջազգային խաղացողների համար պարտադրել ցանկացած վարքագիծ՝ այդ թվում խաղաղություն ցանկացած ձևով»

13. «Վաղը ամբողջ ժողովուրդը հավաքվի, բացառությամբ՝ զոմբիների, նրանք թաքնվելու են, և ժողովուրդը ասելու է. «Փաշինյան ջան, է՛ս քո հեծանիվը: Գնա տուն»»

14. «Իշխանության են եկել մարդիկ, որոնք ունեն կոնկրետ ծրագիր, արժեհամակարգը փոխելու, այո՛ , դա կոնկրետ ծրագիր է: Ես ուրախ եմ, որ վարչապետի ռեյտինգը ընկնում է: Միգուցե դա իրենց փրկությունն է: Նույնիսկ մտածում եմ, որ նա արդեն ուզում է (հասկանալով, որ չի ձգում), և ամեն ինչ անում է, որ շուտ ազատվի…»

15. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական կրեդոն սուտ խոսելն է: Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես սուտ տարածեց և կլյաուզնիկին բնորոշ հայտարարություն արեց: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պոպուլիստական է, որովհետև նա որևէ խոստում չի կատարել, ժողովրդին մանիպուլացրել է և խեղաթյուրում է իրականությունը: Էմոցիոնալ և հիստերիկ հայտարարությունները Վատիկանում, խոսում է այն մասին,որ Փաշինյանը այլևս անկառավարելի է դառնում: Եվ ինքը գիտակցում է իր մոտալուտ ձախողման մասին: Այսօր, Նիկոլ Փաշինյանի կողքը ագրեսիվ փոքրամասնությունն է, ակտիվ փոքրամասնությունը»

16. «Ռազմավարություն են հարցնում, ասում է անցյալում թալանչիներ էին, Մեղրին ծախող էին: Լավ նրանք ամեն ինչ էին, եղբա՛յր, որն է քո տեսակետը: Երբեք չի ասել, որովհետև չունի դա: Փաշինյանն ինքն է թուլացնում իր իշխանությունը»

17. «Եթե մեր երկրի տնտեսագետը պարոն Փաշինյանն է՝ ողբամ էտ երկրի տնտեսությունը: Ես ընդհանրապես դեմ եմ ցնցումների, հեղափոխությունների, դրանք զարգացման չեն տանում: Զարգացման միակ տարբերակը էվոլուցիան է»

18. «Այսօր երկրում ոչինչ չի կատարվում: Դրանք բարեփոխումներ չեն, դրանք վտանգավոր գործընթացներ են, որոնք կբերեն վտանգավոր հանգրվանի: Ես օպտիմիստ եմ, հաղթելու է առաջադիմականը: «Իմ քայլ»-ին պետք է հաջորդի «Մեր քայլը»: Պետք է ձևավորվի սոլիդ իշխանություն, որը երկրին կբերի ներքին համերաշխություն»

19. «Փաշինյանը և՛ հիմա, և՛ անցյալում լրագրողական ցինիզմով է վերաբերվել արցախյան պատերազմին, զոհերին: Հայաստանը պետք է ղեկավարի մարդ, որը այս պատերազմի մասնակիցներից է, գիտի վառոդի հոտը: Շատ ցավում եմ, որ և՛ Փաշինյանը, և՛ տիկին Աննան, ներքաշվել են մի խաղի մեջ, որում իրենք տանուլ են տալու Արցախը և Հայաստանի անվտանգությունը»

20. «Ես համոզված եմ, որ ի հայտ են գալու փաստեր, թե ինչպես է իրականում տեղի ունեցել իշխանափոխությունը, ովքեր, ինչ դրսի ուժեր են սատարել: Այսօր ականատես ենք շատ լուրջ թատրոնի: Իրականում Հայաստանը գնում է դեպի անկում: Ես ուզում եմ հայտարարել, որ անընդհատ թմբկահարվող ամենաարդար ընտրություններից առաջ եղել է աննախադեպ կոռուպցիոն գործարք»

21. «Մեր վարչապետը արհամարհում է սահմանադրության դրույթները և ուզում է ամեն ինչ: Լուրջ կասկածներ կան,որ հիմա էլ կա կոռուպցիա; Մինչև հիմա քանի հակակոռուպցիոն օրենք է ընդունվել: Արցախի հարցում մենք ունենք լուրջ նահանջ: Արցախի հարցը ջրիկ խոսակցություններով սվաղել չի լինի: Մենք հասել ենք մի տեղ, որ վարչապետը ինքը ընկել է իր թակարդի մեջ: Սպասենք արտահերթ զարգացումներին: Մեկ անձի բացարձակ իշխանությունը բոլոր օղակների վրա, նման պետությունը չի կարող զարգացում ունենալ: Այս իշխանությունը պատահաբար է եկել և պատահաբար էլ գնալու է»

***
Կարդացի՞ք: Իսկ հիմա փորձեք գտնել այս մեջբերումներում բացի չարությունից ու ատելությունից գոնե մեկ քննադատական (նույնիսկ շատ դաժան) խոսք (որի անհրաժեշտությունն իշխանությունը հաստատ ունի), կամ գոնե հոդաբաշխ նախադասություն: Հետո փորձեք գտնել նախորդ ամբողջ 21 տարիների ընթացքում բոլոր հեոռւստաընկերությունների բոլոր քաղաքական շոուների հյուրերի գոնե 21 այսպիսի որակավորում, սպառնալիք, հեգնանք, արհամարհանք, ատելության խոսք երկրի ղեկավարի հանդեպ: Հետո ծանոթացեք ամենաազատական եվրոպական կամ ամենաբռնատիրական արեւելյան երկրների հեռուստահեռարձակումը կարգավորող օրենսդրությանը եւ գուշակեք, թե քանի օր այսպիսի բովանդակություն սփռելուց հետո ցանկացած երկրի ցանկացած հեռուստաընկերություն կպահպաներ հեռարձակման արտոնագիրը: Եթե հետաքրքրեցին այս մեջբերումները, ապա ծանոթացեք տեղեկատվական եւ proxy պատերազմների տեսությանը: Պատերազմների, որոնք ընդանում են թշնամական պետությոնների միջեւ, այլ ոչ թե մի պետության ներսում: Հետո համացանցում հետեւեք մի քանի ադրբեջանական (այսինքն թշնամական երկրի) հեռուստատեսությունների քաղաքական հաղորդումներին եւ գտեք դրանց բովանդակության մեջ (եւ ոչ թե երկու ամսում, այլ երկու տարում) նույն որակի 21 արտահայտություն Հայաստանի (այսինքն թշնամական երկրի) ղեկավարի հասցեին (պարբերաբար ծանոթանալով ադրբեջանական լրատվամիջոցների մոնիտորինգի տվյալներին, ես չեմ գտել): Հետո այս մեջբերումներում փորձեք գտնել ցավ, պետությանն օգնելու պատրաստակամություն: Հետո փորձեք գտնել մեկ, գետ մեկ բարի լուր, դրական գնահատական, օբյեկտիվ նկարագրություն: Հետո մեկ անգամ եւս ինքներդ ձեր համար գծեք խոսքի ազատության եւ մանիպուլյացիաների սահմանումը, պատասխանատվությունը պետության եւ հեռուստադիտողի հանդեպ: Իսկ երբ գծեք, ապա համարձակություն կունենա՞ք հայտարարել, որ Հայաստանում ճնշվում են ազատ լրատվամիջոցները:

Ասում եք, ադրբեջանցիներն են՞ հակահայկական քարոզչությամբ զբաղվում: Յա, իրո՞ք:)

P.S. Կրկնեմ, սա շատ-շատ փոքր հատված է միայն մեկ հաղորդման հնչեցրած մտքերից, եւ այսպիսի բովանդակությամբ ահռելի տեղեկատվական հոսքեր են ձեվավորվում: Եթե հավելյալ փաստարկներ են անհրաժեշտ, ապա կպատրաստեմ մեկ այլ հեռուստաընկերության մեկ հաղորդման ընթացքում հնչած 21 հյուրերի տեքստերը: Նորից երկու ամսվա կտրվածքով: Համեմատությունը ձեզ մեծ հաճույք/տխրությոն կպարգեւի:

P.S.-1 Վաղը 2020 թ. առաջին աշխատանքային օրն է: Եւ մենք նորից կատարելու ենք Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ մեր վրա դրված պարտականությունները, որոնցից ամենակարեւորն է հեռուստա եւ ռադիոընկերությունների ազատության եւ անկախության ապահովումը: Բարդ խնդիր է, քանի դեռ պետությունը, հասարակությունը, մեդիան խորապես չեն գիտակցում թե ինչ է նշանակում ազատությունն ու անկախություն…

Հրապարակախոս Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր