Երեկ ՔԿՀ-ում կալանավորված անձի մահվան կապակցությամբ ՄԻ Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ։ Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության՝ փակ հաստատություններում մահվան դեպքերի կանխարգելման քայլերը մնում են անբավարար
2020 թվականի հունվարի 7-ին ժամը 14:50-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարել է քաղաքացի և հայտնել, որ իր եղբայրը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանը, գտնվում է առողջական ծանր վիճակում. ստացել է սրտի կաթված, սակայն ՔԿՀ-ում բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ըստ դիմումատուի՝ Կ. Ծաղիկյանն ունի անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի հիվանդություն:
Ահազանգից անմիջապես հետո ՄԻՊ-ի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հետ: Ստացվել են պարզաբանումներ, որ Կ. Ծաղիկյանի համար 2020 թվականի հունվարի 6-ին քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադ, տեղում իրականացվել է էլեկտրասրտագրություն (կարդիոգրամա): Ըստ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ներկայացուցչի՝ շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադի բժիշկները տեղեկացրել են, որ Կ. Ծաղիկյանը սրտի հետ կապված խնդիրներ չունի, իսկ ինքնազգացողության վատթարացումը կապված է եղել մկանային ցավերի հետ: Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Կ. Ծաղիկյանը գտնվել է բժշկական հսկողության ներքո, և անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկը նորից կհրավիրվի շտապ բուժօգնության ծառայության բրիգադ:
Նշված տեղեկությունները փոխանցվել են Կարեն Ծաղիկյանի եղբորը, ինչպես նաև նրան տրամադրվել է խորհրդատվություն:
Նույն օրը ժամը 22-ի սահմանում Կ. Ծաղիկյանի եղբայրը կրկին զանգահարել է ՀՀ Օմբուդսմենի աշխատակազմի թեժ գծին և հայտնել, որ նա մահացել է: Դիմումատուն խնդրել է հետամուտ լինել եղբոր մահվան հանգամանքների պարզմանը:
Հունվարի 8-ին ՄԻՊ-ի աշխատակազմին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տրամադրել են պարզաբանումներ այն մասին, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Կ. Ծաղիկյանի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:
Կարեն Ծաղիկյանի մահվան կապակցությամբ Օմբուդսմենը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ և նախնական գրություն հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն:
Հաշվի առնելով ՔԿՀ-ում կալանավորված անձի մահվան դեպքը՝ Օմբուդսմենն արձանագրել է, որ ազատությունից զրկման վայրերում մահվան դեպքերի առնչությամբ համակարգային առումով պետք է կատարվեն ուսումնասիրություններ՝ դրանց պատճառների վերհանման ու լուծումների նախանշման ուղղությամբ: «Այդպիսի աշխատանքներ տարիներով չեն իրականացվել, ինչը նշված է նար ՄԻՊ-ի զեկույցներում: Իրավասու պետական մարմինների կողմից նման դեպքերի կանխարգելմանն, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ անհրաժեշտ իրավական և գործնական կառուցակարգեր ներդնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դեռ մնում են անբավարար», ասված է ՄԻՊ-ի գրասենյակի հաղորդագրությունում:
«Քրեակատարողական համակարգում կա բուժօգնության և սպասարկման ոլորտում բարեփոխումները սպառիչ ավարտին հասցնելու կարիք. կարևոր է, որ ազատությունից զրկման վայրերում պահվող անձանց հասանելի լինեն բժշական օգնության և խնամքի պատշաճ ծառայություններ, ընդ որում՝ այնպիսի պայմաններով, որ ապահովվում են քաղաքացիական բուժական հիմնարկներում: Պատշաճ աշխատանքային պայմաններ և երաշխիքներ են անհրաժեշտ բժշկական անձնակազմերի համար»: