Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացնում երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործի նախաքննության ընթացքի հետ կապված:
ՀՀ գլխավոր դատախազի Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Թեև ինչպես նախաքննությունն իրականացնող մարմնի, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից պարբերաբար տեղեկատվություն տարածվում է հանրությանն առավելապես որպես «երեխաների ապօրինի որդեգրման գործ» հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ, այդուհանդերձ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան:
Նախորդ տարեվերջին վերաքննիչ բողոք է տարվել, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 200-րդ հոդվածի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավված «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռ. Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Դատախազության համոզմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության մեջ իրեն մեղսագրվող արարքներին Ռ. Աբրահամյանի ենթադրյալ առնչության վերաբերյալ ներկայացված են եղել հիմնավոր փաստարկներ, հիմնավոր կասկածն առավել քան առկա է, հետևաբար դատարանի որոշումը դատախազության գնահատմամբ հիմնավոր չէ:
Ավելի վաղ վերաքննիչ բողոք է տարվել գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ անցնող քաղաքացու՝ Դ. Գրիգորյանի նկատմամբ կալանավորմանն այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշման դեմ: Այն վարույթ է ընդունվել:
Նախօրեին վերաքննիչ բողոք է տարվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ հոդվածով, 314-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Վերջին երկու անձանց դեպքում էլ համարվել է, որ գրավի կիրառումը ի զորու չէ չեզոքացնելու կալանքի ընտրության այն հիմքերը, կամ մեղադրյալների պատշաճ վարքագծի հետ կապված ռիսկերը, որոնք դատարանը նշել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իր որոշմամբ:
Մյուս երկու անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավված քաղաքացի Ա. Գարսանցյանի և ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավված «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրենի տեղակալ Ա. Ջերջերյանի մասով գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ՝ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները դատախազություն դեռևս չի ստացվել:
Դրանք ստանալուց և հիմքերին ու պատճառաբանություններին ծանոթանալուց հետո Դատախազությունն օպերատիվ կերպով դիրքորոշում կարտահայտի բողոքարկման հնարավորության վերաբերյալ: Եթե դրանցում դատարանի կողմից արտահայտված կլինեն նույնպիսի իրավական դիրքորոշումներ և ներկայացված նույնպիսի պատճառաբանություններ, ապա դրանք, անկասկած, ևս կբողոքարկվեն:
Հավելեմ նաև, որ դատախազական պատշաճ և հետևողական հսկողության ներքո քննությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ հանցավոր բոլոր դրսևորումները, ինչպես նաև դրանց սխեմաներում ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ:
Հընթացս թույլատրելիի սահմաններում կտրվեն անհրաժեշտ տեղեկություններ»,- գրել է Աբրահամյանը: