SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ հունվարի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, Mitsubishi Pajero-ն վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Մհեր Բաղդասարյանը, իսկ Opel-ը վարել է Արզական գյուղի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Գալստյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Մ. Բաղդասարյանը, Գ. Գալստյանը, վերջինիս ուղևոր Երևանի բնակիչներ, 1-ամյա Արեն Նազարյանը, 35-ամյա Թագուհի Թադևոսյանը և ժամեր անց՝ «Չարենցավան» բժշկական կենտրոն է դիմել Opel-ի ուղևոր, 22-ամյա Գոռ Սաքունցը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդ Գ. Գալստյանը եղել է սթափ, իսկ Մ. Բաղդասարյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, Opel-ի վարորդի համար ստեղծել վթարային իրավիճակ, այնուհետև բախվել Opel-ին, իսկ հետո հայտնվել դաշտում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi-ի խմած վարորդը Չարենցավանի նախկին ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Տոնոյանի կնոջ եղբայրն է ու երևի մտածել է, որ ինքը անպատժելի է, կարող է խմած ավտոմեքենան վարել՝ վտանգելով մյուս վարորդների կյանքը և այս վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Թ. Թադևոսյանը, ով հղի է, կորցրել է իր ապագա աղջիկ երեխային:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 2-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածում բախվել էին Opel մակնիշի 36 ԼM 544 համարանիշի և Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CՍ 684 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 1 տարեկան երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: