Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այս պահին Կառավարությունում հանդիպում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, քննարկվում է Եղվարդի ծննդատան փակման հարցը։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, Կոտայքի մարզի Եղվարդ խոշորացված համայնքի ծննդատան դիմաց Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչի եւ Եղվարդի բնակիչների միջեւ տեղի ունեցող քննարկմանն ասաց մարզպետարանի աշխատակիցը։
«Քանի որ դեռ չունենք պաշտոնական հաղորդագրություն, եկեք սպասենք մինչեւ օրվա վերջ։ Կոտայքի մարզպետարանը նախարարությանն ասել է, որ մարզի Առողջապահության վարչության կողմից ամեն օրվա հսկողություն կլինի, որ այդ ծննդատանը աշխատանքները կիրականացվեն մաքսիմալ լավ կազմակերպված։ Եղվարդի ծննդատան փակումը չի կարելի դնել Մարալիկի կա Աչաջուրի ծննդատների փակման նույն հարթության վրա»,- ասաց մարզպետարանի աշխատակիցը։
Նա նշեց, որ ծննդատան աշխատակիցներից ոչ ոք դեռ չի ծանուցվել՝ աշխատանքի ազատման վերարբերյալ. «Աշխատողներից ոչ մեկ չի ստացել ծանուցում, որ ծննդատունը փակվում է եւ ինքը կորցնում է աշխատանքը։ Պաշտոնական հայտարարությունը ծննդատան աշխատակիցներին արվում է տնօրենի կողմից։ Ձեզ հետ հավասար մենք էլ ամեն ինչ անելու ենք, որ չփակվի»։
Եղվարդցիներից մեկն ասաց, որ իրենք ուզում են՝ ծննդատունը ֆինանսավորվի Առողջապահության նախարարության կողմից. «Մենք ուզում ենք, որ Եղվարդի հիվանդանոցին ներդրում արվի։ Չեմ ուզի, որ կինս ճղած լինոլիում վրա ծննդաբերի, ջուրը ես կանեստրով եմ բերում՝ կինս լվացվի»։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի եւ 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները փակվելու են։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, Եղվարդի հիվանդանոցի բուժաշխատողները եւ եղվարդցիները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում։ Նախորդ ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ծննդատան աշխատակիցներից մեկը պատմել էր, որ ծննդատունը մեկ տարի է, ինչ սկսել է աշխատել, եւ, որ 14 թվով է պակաս նախարարության սահմանած թվից։ Ըստ եղվարդցիների՝ ծննդատունը սպասարկում է 18 համայնքի։
Այս ակցիայի ընթացքում հիվանդանոցի տնօրենը հանդիպել է Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչի հետ։
Նշենք, որ մի քանի օր առաջ բողոքի ակցիա էր իրականացվում նաեւ Մարալիկում, նույն խնդրի պատճառով։