Երևանում 5 տարեկան երեխա է վրաերթի ենթարկվել
Advertisement 1000 x 90

Երևանում 5 տարեկան երեխա է վրաերթի ենթարկվել

Այսօր առավոտյան Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, 5–ամյա երեխա է վրաերթի ենթարկվել։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Հունվարի 14-ին, ժամը 10:58-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Հ., ծնված 1996 թ.) վրաերթի է ենթարկել 2014 թվականին ծնված Գագիկ Խ.-ին:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Գագիկ Խ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

armeniasputnik.am