Խմած տղամարդը կրակոցներ է արձակել ռեստորանում, հետո ավտոմեքենայում կրակել է իր ոտքին. ՔԿ
Advertisement 1000 x 90

Խմած տղամարդը կրակոցներ է արձակել ռեստորանում, հետո ավտոմեքենայում կրակել է իր ոտքին. ՔԿ

ՀՀ Կոտայքի մարզում գտնվող ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքից հետո 37-ամյա տղամարդու՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքը բացահայտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

2019 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 07:20-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ահազանգել էր, որ «ձախ ծնկի շրջանի հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ (ծնված 1982 թվականին ծնված) և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կոտայքի մարզի Նոր Գյուղի կամրջի մոտ գտած զենքով ինքն իրեն կրակելու հետևանքով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք, այդ թվում՝ տղամարդու՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդը 2019թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Կոտայքի մարզում գտնվող ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքին, որի ժամանակ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խնջույքի մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, իր մոտ ապօրինի պահվող հրազենից օդում երեք կրակոց է արձակել՝ վնասվելով սրահի առաստաղը և պատերը, խնջույքի մասնակիցների մոտ ձևավորվելով վախի և տագնապի մթնոլորտ, խաթարելով ռեստորանային համալիրի բնականոն գործունեությունը, այնուհետև իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հեռացել է և ավտոմեքենայում նույն ատրճանակով անզգուշությամբ կրակել իր ձախ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում կատարվել են լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են դեպքի վայրի զննություններ և խուզարկություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող «BERETTA» տեսակի մարտական հրազենը, այդ հրազենից արձակված պարկուճը, առգրավվել են նաև 37-ամյա տղամարդու հագին դեպքի պահին եղած հագուստները և ապացուցողական նշանակություն ունեցող այլ կարևոր իրեր և առարկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Կոտայքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

armeniasputnik.am