Որոշ ժամանակ առաջ hraparak.am-ը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի «Կարգին հաղորդման» դերասան ընկերները՝ Աշոտ Մելոյանը եւ Հովհաննես Գրիգորյանը աշխատանքի են անցել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ում։
Գրիգորյանը մեր հարցերին չէր պատասխանել, իսկ Մելոյանը ասել էր, թե դժվար աշխատանք է կատարում, սակայն այլ հարցերի հրաժարվել էր պատասխանել։
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետարան եւ ահա ստացել ենք պատասխանը, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Այո, Աշոտ Մելոյանը և Հովհաննես Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներ են: Կենտրոնում նրանք աշխատում են 2019 թ. հունիսի 3-ից։ Աշոտ Մելոյանը աշխատում է որպես քարտեզագրման հսկիչ, իսկ Հովհաննես Գրիգորյանը՝ դեղերի պատասխանատու»։
Ինչպես տեսնում ենք հարցման պատասխանից, նրանք այդ կենտրոնում սկսել են աշխատել 2019-ից, երբ Հայկ Մարությանը արդեն քաղաքապետ էր, եւ, պատահական չէ նրանց այնտեղ հայտնվելը։