ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Տաշիր քաղաքում գործող բանկերից մեկում կատարված ավազակային հարձակման դեպքը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2020թ. հունվարի 14-ին՝ ժամը 09:49-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ավազակության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բանկերից մեկի՝ Տաշիրի մասնաճյուղ, որտեղ շրջանցելով սպասարկման տաղավարը, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ հարձակվել է բանկի աշխատակցուհու վրա՝ ցանկանալով հափշտակել վերջինիս մոտ դրված դրամարկղի մեջ առկա կանխիկ գումարը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի հասցրել, քանի որ վնասազերծվել է մասնաճյուղի սրահում ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: ՓԲ ընկերությունը և ընկերության աշխատակցուհին ճանաչվել են տուժող:
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Տաշիր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987թ.: Վերջինս ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, առգրավվել է կասկածյալի հագուստը, ինչպես նաև դեպքի վայրում առկա նկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: