Հայաստանի պատմություն մեջ խորհրդավոր պայմաններում մահացել, սպանվել է ԱԱԾ երկու տնօրեն։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ առաջին մահն արձանագրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին՝ 1993 թ. հունիսի 21-ին այգում սպանվեց պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանը, որն արդեն թոշակի էր գնացել։
25 տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին, իր բնակարանում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն, 1981 թ. ծնված Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Նկատենք, որ Մարիուս Յուզբաշյանի սպանությունը բացահայտված չէ։
2018 թվականի հունիսի 14-ին Դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարություններ էր տվել՝ ակտիվացնելու չբացահայտված և հանրային հնչեղություն ունեցող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտնման ուղղված աշխատանքները.
«Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում՝ վերսկսել կասեցված վարույթները: Ըստ այդմ՝ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները»,-ասել էր Արթուր Դավթյանը՝ նշելով, որ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ։
2019 թ. Մարտի 12-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ դատախազություն՝ ճշտելու համար՝ վերսկսվե՞լ են արդյոք նախկինում կատարված մի շարք աղմկոտ սպանությունների գործերով վարույթները, հետաքննության համապատասխան մարմիններին տրվե՞լ են արդյոք հանձնարարականներ՝ ակտիվացնելու օպերատիվ-հետախուզական աշխատանքները Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու և Գագիկ Պողոսյանի սպանությունները բացահայտելու համար, և եթե այո, ապա գործերի բացահայտման ուղղությամբ դրական ի՞նչ տեղաշարժեր են գրանցվել։
Պարզվել էր, որ քաղաքական մեծ հնչեղություն ստացած այս սպանությունների գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ չեն տրվել ու դրանց բացահայտումը գործող իշխանությունների օրակարգում չկա։ «Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու սպանությունների դեպքերով հարուցված քրեական գործերը գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում: Նշված քրեական գործերով որոշումներ են կայացվել վարույթը կասեցնելու մասին, մինչև հայտնի կդառնա որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձը»,- հայտնել էին դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան։
Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, 38-ամյա Գ.Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող որևէ քրեական գործով չի անցել, չի հարցաքննվել։ Համենայն դեպս՝ ՀՔԾ-ին այդ մասին հայտնել են պաշտոնապես։
Աղբյուր` Փաստինֆո