Ժողովրդավար պետությունում իշխանության համար ընդունելի կամ ոչ ընդունելի լրատվամիջոցներն իրենց գործունեության համար պետք է ունենան հավասար պայմաններ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի մասին այն հայտարարությանը, ըստ որի Հայաստանում կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան և ըստ առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի փոխարեն կարելի է գրել «Կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ»։
Նարինե Մկրտչյանը նշեց, որ ցանկացած իշխանություն Հայաստանում ունեցել, ունի և պետք է ունենա ցանկալի և ոչ ցանկալի լրատվամիջոցներ։ Նա նշեց, որ շատերը կարող են չներկայացնել, թե որ լրատվամիջոցներն են իրենց համար անընդունելի, սակայն հիմա Նիկոլ Փաշինյանն սկսել է արտահայտվել և դասակարգել իր համար ոչ ցանկալի լրատվամիջոցները։ «Ես դա դիտարկում եմ, որպես իշխանության չփոփոխվող բնույթ»,– ասաց Tert.am-ի զրուցակիցը։
Հարցին, թե արդյոք այս հայտարարությունը վտանգ է պարունակում լրատվամիջոցների համար՝ Նարինե Մկրտչյանը պատասխանեց. «Անշուշտ վտանգ կա, որովհետև դու կարող ես երկար մտածել, հետո մի պահ կգա, երբ իշխանության պահպանման խնդիր կառաջանա, այդ ժամանակ իշխանության վտանգների շարքում առաջինը կդիտվի մամուլը։ Այդ առումով, եթե նրանք խոսքից գործի անցնեն, կարող լուրջ վտանգավոր լինել»։
Ամբողջությամբ՝ tert.am