Գ. Կուտոյանի ողբերգական մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության բովանդակությունից պարզ է դառնում, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:
Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:
Ստացվում է, որ որ Գ. Կուտոյանի կինն առնվազն տեղյակ է եղել, որ Ամանորից առաջ Գ. Կուտոյանը կրակոցներ է արձակել։
Ուստի հարց է առաջանում. Բացի կնոջից, ովքե՞ր են էլ տեղյակ եղել այդ կրակոցների մասին, ի՞նչ հոգեվիճակում է եղել այդ ժամանակ Գ. Կուտոյանը, ո՞րն է եղել այդ կրակոցներն արձակելու նպատակը, ինչո՞ւ չեն հայտնել այդ կրակոցների մասին, կամ եթե հայտնել են՝ ու՞մ են հայտնել, այդ կրակոցները կարո՞ղ էին լսած լինել հարևանները, թե՞ ոչ:
Այդուհանդերձ, եթե Կուտոյանն ինքն է կրակել, ապա ինչո՞ւ ինքը չէր հավաքել կրակված պարկուճները, որ խնդրել էր կնոջն այդ անելու։
Կամ ե՞րբ է խնդրել կնոջը: Կինն այդ պահին որտե՞ղ է եղել, ի՞նչ արձագանք է տվել այդ խնդրանքին, ու՞մ է հայտնել կինն այդ խնդրանքի կամ փաստի մասին։
Տարակուսելի է, որ այդ դեպքից շուրջ 20 օր անց Գ. Կուտոյանը կրկին անգամ ցանկացել է գնալ նշված բնակարան, և այդ հանգամանքը կնոջ մոտ հարցեր չի առաջացրել, կամ չի անհանգստացրել և տարօրինակ չի թվացել:
Առավել տարօրինակ է այն հանգամանքը, որ Գ. Կուտոյանը, ըստ հաղորդագրության, փորձել է գնալ այդ բնակարան՝ երկու-երեք օր հանգստանալու, այն դեպքում, երբ տոնական օրերն առավել լավ առիթ էին ընտանիքի հետ հանգստանալու համար, և որ ամենակարևորն է՝ նա նոր էր վերադարձել Հայաստան և հակառակը՝ պետք է ձգտեր առավելագույնս ընտանիքի հետ լինել։
Այնուամենայնիվ, քննության ընթացքում պետք է պարզվի, թե տան պատերին առկա կրակոցների հետքերն ի՞նչ վաղեմություն ունեն, նույն ատրճանակից են կրակվել, թե՞ ոչ, ի՞նչ նպատակով էր Գ. Կուտոյանը վերադարձել Հայաստան, նրան կանչե՞լ էին, թե՞ իր կամքով էր վերադարձել և որքա՞ն ժամանակով:
Անհրաժեշտ է նաև պարզել, թե վերադառնալուց հետո նա ո՞ւմ հետ է շփվել և ի՞նչ նպատակով:
Բացի այդ, քննությամբ պետք է պարզվի, թե ողբերգական դեպքից առաջ նա ի՞նչ հոգեվիճակում է եղել, արդյո՞ք նա ընկճված է եղել, դեպրեսիայի մեջ, եթե այո, ապա ովքե՞ր են նրան հասցրել այդ վիճակին։
Իսկ եթե պարզվի, որ ինքնասպանություն չէ, ուրեմն մենք գործ ունենք առավել մեծ սպառնալիքի հետ…
Փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից: