ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Արամ Վարդևանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ համացանցում տարածված տեսանյութում իր խոսքը մոնտաժված ու խեղաթյուրված է ներկայացվել.
«Գիտակցում եմ, որ իմ կարգավիճակով պայմանավորված հանրության ուշադրությունը իմ կողմից արված ցանկացած խոսքի նկատմամբ ավելացել է: Գիտակցում եմ, որ իմ խոսքը կարող է խեղաթյուրվել, կոնկտեքստից կարող են ձևակերպումներ դուրս բերվել, ներկայացվել մոնտաժված տեսանյութեր և այլն: Նախ տեսանյութի վերաբերյալ՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած ցանկացած վճիռ պետք է հարկադիր կատարվի. դա կարծում եմ բոլորը գիտեն:
Դա ոչ թե «դաժանություն է» այլ արդարության հասարակ պահանջ:
Ո՞րոնք են եղել իմ մոտեցումները, որ արտացոլված չեն այդ մոնտաժված տեսանյութում. Հայաստանում ամունսալուծության դեպքում երեխային խնամողի վերաբերյալ վեճերը դատարանը լուծում է՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը, և հաճախ ծնողներից մեկը, որը ըստ վճռի երեխայի խնամողը չէ (իսկ այդպես հաճախ լինում է, երբ այդ ծնողը լինում է թմրամոլ, խաղամոլ, դատվածություններ ունեցող և այլն) խոչընդոտներ է ստեղծում վճռի կատարմանը: Ես պնդել եմ և պնդում եմ, որ, այո երեխայի լավագույն շահից ելնելով, պետք է զերծ մնալ զգացմունքային վիճակներից և պետք է ապահովել վճռի հարկադիր կատարումը, քանի որ հակառակը վնասում է հենց երեխայի շահին և հարիր չէ հայկական ընտանիքներին և պարզապես հակաօրինական է:
Ի՞նչ աղերս ունի դա ընտանեկան բռնության մասին օրենքի դեռևս նույնսիկ շրջանառության մեջ չդրված նախագծի հետ, իհարկե ոչ մի աղերս չունի, և այս պարագայում էլ ավելի տարակուսելի է դառնում նման մեկնաբանությունը: Խոսքիս հատվածական մասը « դատարանի վճիռը պետք է կատարվի…», որը կոնտեկստից դուրս ներկայացվում է դաժան տեսարաններով զուգորդված որպես նշյալ նախագծի դրույթ և տեսանյութում գրվում է «…սպասվում է մեր ընտանիքներին» իրականությանը իհարկե չի համապատասխանում: Խոսքս վերաբերել է դատարանի վճիռների հարկադիր կատարմանը, որը այս պահին գործում է, և ոչ միայն այս պահին այլ գործել է դեռևս 1918 թվականին՝ մեր առաջին Հանրապետության տարիներին, քանի որ նույնսիկ այդ ժամանակ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները ենթակա էին հարկադիր կատարման և այսօր գործող օրենսդրությամբ ևս ենթակա են հարկադիր կատարման անկախ զգացումնքային իրավիճակներից:
Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր ունեն իրական ողջամիտ մտահոգություններ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, կարող են դրանք ներկանացնել այն մշակող մարմնին այսինքն՝ ՀՀ արդարադատության նախարարություն, և ես վստահ եմ, որ դրանք անպատասխան չեն մնա, անպատասխան չմնալուն ևս հետևողական եմ լինելու: Միաժամանակ բոլորը կարող են վստահ լինել, որ ՀՀ կառավարության նախաձեռնած ցանկացած օրենքի նախագիծ արտացոլում է հայկական իրավական մշակույթի տարրերը»,-գրում է Արամ Վարդևանյանը: