Արտաշատում առանց դժվարության կարելի է գտնել այն փողոցը, որտեղ ապրում է «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը։ Նա մոր հետ ապրել է դեռ խորհրդային տարիներին կառուցված սովորական հինգհարկանի շենքում։ Բակում հավաքված տղամարդիկ դժվարությամբ են հիշում նրան, ասում են` շատ խելոք տղա է, բայց չեն կարողանում նշել նրանց բնակարանի հարկն ու համարը։ Մեզ մի կին է օգնում։
Բարձրանում ենք Արթուրի բնակարան։ Սկզբից թակում ենք հարևանների դռները։ Առաջին հարևանուհին ասում է, որ նոր է տեղափոխվել և ծանոթ չէ նրանց ընտանիքին։ Մյուսը դուռն ընդհանրապես չի բացում, բայց ներսից ասում է, որ Արթուրը շատ հանգիստ մարդ է, և ինքը չի հասկանում, թե ինչպես կարող էր նման բան պատահել։ Ավելացնում է, որ Արթուրը միշտ բարևել է և օգնել, եթե պետք է եղել պայուսակները վերև բարձրացնել։
Համարձակություն հավաքելով` թակում ենք Թորոսյանների բնակարանի դուռը։ Լացակումած դեմքով մի կին է բացում ու ասում, որ Արթուրի մորաքույրն է։ Մայրն ի վիճակի չէ խոսել, քիչ առաջ շտապօգնություն են կանչել։ Մորաքույրը նույնպես չի ուզում ինչ-որ բան պատմել և փորձում է փակել դուռը, բայց հետո համաձայնում է պատասխանել մի քանի հարցի։
«Շոկի մեջ ենք։ Մեզ համար սա հանելուկ է։ Նա այնքան հանգիստ է, բարի, համալսարան է ավարտել։ Արթուրն ընդունակ չէ նման բանի։ Աշխատանքը կորցնելուց հետո մի քիչ մտահոգ էր դարձել, բայց մենք մտածում էինք, որ նրան գործ չունենալու խնդիրն է տանջում։ Մի քանի ամիս է` չի աշխատում», – պատմում է մորաքույրը։
Ասում է, որ ո՛չ ինքը, ո՛չ մայրը առայժմ չեն տեսել Արթուրին, երիտասարդն առայժմ փաստաբան չունի։ Մորաքույրը պատկերացում չունի, թե Արթուրը որտեղից է զենք վերցրել։ Վերջին խոսքի վրա հարևան սենյակից հեկեկոց է լսվում, և կինը փակում է դուռը։
Մենք իջնում ենք առաջին հարկում գտնվող խանութ։ Աշխատակցուհին իսկույն հասկանում է` ում մասին է խոսքը, Ասում է, որ Արթուրը հաճախ է իր մոտից առևտուր արել։ Արթուրի մորը չի ճանաչում, բայց լսել է, որ կինն առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով էլ երիտասարդն է առևտուր անում։
«Մեր կարճ շփումներից կարող եմ ասել, որ նա շատ դաստիարակված տղա է։ Երբեք չեմ լսել, որ ինչ-որ մեկի հետ վիճի կամ կռվի։ Չեմ տեսել, որ շփվի բակի տղաների հետ։ Շատ խելոք է», – պատմում է կինը։
Խանութի աշխատակցուհու, ինչպես նաև Արթուրի հարևանների համար պատահածն այնքան անսպասելի է, որ դժվարությամբ են հավատում կատարվածին, թեև նրա լուսանկարը տեսել են հեռուստացույցով։ Խանութում աշխատող կինն ասում է, որ հարևանները նախընտրում են չխոսել պատահածի մասին, սպասում են լրացուցիչ տեղեկությունների։
Դրան է սպասում նաև Արթուրի նախկին ղեկավար, «Բերկուտ» թիկնապահական գործակալության տնօրեն Վահագն Հարությունյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմեց, որ երիտասարդը երկու տարի գիշերային պահակ է աշխատել «Առանցք» ընկերությունում։ Նա նույնիսկ զենք չի ունեցել։ Միշտ ժամանակին է գնացել աշխատանքի և երբեք չի բացակայել։ Անցած տարվա հոկտեմբերի վերջին որոշել է դուրս գալ աշխատանքից։