Armenian Card CJSC- ArCa-ն Facebook-ի իր էջում հայտնում է, որ բանկոմատները տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես գործարք չեն կատարում։
«Տեղեկացնում ենք Ձեզ, որ տեխնիկական խնդիրների պատճառով գործարքների կատարումը ժամանակավորապես անհասանելի է։ Ընկերության մասնագետները զբաղվում են խնդրի կարգավորման աշխատանքներով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Օգտատերերից մեկին շատ է զայրացրել ԿԲ հայտարարությունը և նա իր դժգոհությունն է հայտնել խնդրի առնչությամբ։
«Դուք հասկանու՞մ եք` քանի հոգու եք արտերկրում փաստի առաջ կանգնեցնում։ Դրա համար պատրաստվու՞մ եք ինչ-որ պատասխանատվություն կրել։ Հաճախորդին այնքան չեք արժեվորում, որ նույնիսկ «ներողություն» բառը չեք օգտագործում Ձեր «post»-ում»,- գրել է նա։
Հաճախորդը դժգոհել է նաև խնդրի մասին ուշ տեղեկացնելու համար։ Ըստ նրա` բաժանորդներին այդ մասին տեղեկացրել են խնդրի հայտ գալուց երկու ժամ անց միայն։
Նշենք, որ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն (Ընկերություն) հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և տաս առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին՝ ՀՀ բանկային ոլորտում ժամանակակից վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:
Ընկերության ստեղծման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում պլաստիկ քարտերով (այդ թվում միջազգային վճարային համակարգերի) և դրանց հետ կապված վճարման ժամանակակից այլ գործիքների միջոցով հաշվարկների միասնական համակարգի ստեղծումը, որը պետք է ապահովի ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումների իրականացումը։
Ընկերությունը հանդիսանում է ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր և հանդես գալով որպես միասնական պրոցեսինգային կենտրոն մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս մասնակից առևտրային բանկերին թողարկել և/կամ սպասարկել ArCa ազգային վճարային համակարգի և միջազգային վճարային MasterCard, Visa, American Express, DCI (Diners Club International), МИР և JCB (Japan Credit Bureau) համակարգերի քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև Ընկերության մասնագիտական օժանդակությունից:
Ներկայումս Ընկերության բաժնետերերն են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը և Հայաստանում գործող 15 առևտրային բանկեր: