Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում անցկացրած իր ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ասել է. «Նա իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ քանի որ ես եմ այս Սահմանադրության տեքստի հեղինակը, Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին և միասին կարող ենք անել չգիտեմ ինչեր, ինչեր և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է հաապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»:
Այս հայտարարությանը հետևեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը. «Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը»:
Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանել է. «Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։
Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:
Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»:
Մինչ իշխանության անկախ ճյուղերի ղեկավարները հեռակա մենամարտում էին, Նիկոլ Փաշինյանի շահերը պաշտպանող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր դեռևս 2018 թվականի նկար` արված նախարարների երդման արարողության ժամանակ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ևս մեկ անձի մասնակցությամբ, որը գլուխը խոնարհած սեղմում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Այդ անձին Բաբաջանյանը ներկայացրել է որպես ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան։
Նկարը, որով կիսվել է պատգամավորը, վերցված է 2018թ. իշխանափոխությունից հետո նորանշանակ կառավարության անդամների երդմնակալության տեսանյութից, որտեղ հստակորեն երևում է, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմող գլուխը խոնարհած պաշտոնյան այդ ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն է:
Պատգամավորը Արծվիկ Մինասյանին ներկայացնելով որպես Հրայր Թովմասյան չի մոռացել իր գրառման մեջ վիրավորել ՍԴ նախագահին:
Համանման գրառումներ կատարեցին նաև իշխանական պրոպագանդիստներ Մաեստրո/ Maestro էջը (չհերքված տեղեկություններով` հայտնի ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը) և Աջափնյակի նախկին փոխթաղապետ Արամ Մանուկյանը, Баграмян 26 տելեգրամյան ալիքը, որոնց հրապարակումները արտատպվեցին որոշ լրատվականներում։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից և իշխանական պրոպագանդիստական շրջանակներում տարածվող այս լուսանկարը հերթական կեղծիքներից մեկն է՝ Նիկոլ Փաշինյանին Հրայր Թովմասյանի հետ հակամարտության շրջանակներում ՍԴ նախագահին վարկաբեկելու փորձ կատարելու և վարչապետին աջակցելու համար։
Իր գործունեությամբ «ազնվություն, արդարություն, անկողմնակալություն» քարոզող պատգամավոր Արման Բաբաջանյանը տարածում է այնպիսի ակնհայտ սուտ և ապատեղեկատվություն, որը վիրավորում է դատական բարձրագույն իշխանությունը և նրա ղեկավար, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հեղինակությունը և արժանապատվությունը:
Ֆեյսբուքյան օգտատերերի բարձրացրած աղմուկի արդյունքում վերոնշյալ անձինք, երբ արդեն պարզ դարձավ տարածած կեղծիքը, հեռացրել են իրենց գրառումը (բացառությամբ` Баграмян 26-ի):
Մասնավորապես, Արման Բաբաջանյանը Վահրամ Պետրոսյանի գրառման տակ գրել է. «իհարկե պատասխանելու անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց երբ իմացել եմ, որ հրայրը չի, ջնջել եմ իմ գրառումը»:
Մինչդեռ հանրության առաջ պատասխանատվությունից խոսող պաշտոնյան ճիշտ կաներ նաև ներողություն խնդրեր հանրությունից կեղծիք տարածելու և ՍԴ նախագահին վիրավորելու համար։
Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ քննարկվող տեսանյութը՝ ստորև (դիտել 15:07-րդ րոպեից)։