Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հունվարի 23-ին «էրեբունի պլազա» հյորանոցում կրակոց արձակած 33-ամյա տղամարդուն կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ էր վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել էր հրազենը։ 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել էր:
Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)հատկանիշներով: