Դե ինչ, շատ կուզենայի շնորհավորել բոլորիս օրվա տոնի կապակցությամբ, սակայն «շնորհավորում» եմ բոլորիս այն կապակցությամբ, որ Նոր Հայաստանում իշխանությունները ձգտում են ձևավորել մի նոր քաղաքական ենթամշակույթ, որում « իշխանություն» նշանակում է «հեղափոխական սակրալ լիգա», իսկ «ընդիմությունը» և «ընդիմախոսությունը» որակվում է «հիբրիդային հեղաշրջման փորձ»:
Ավիացիայում մի տերմին կա, որը կոչվում է штопор: Դա այն կրիտիկական թռիչքային իրավիճակն է, երբ ինքնաթիռը անկառավարելի սպիրալաձև արագ անկման մեջ է գտնվում և հատում է այն կետը, երբ որևէ գործողությամբ այլևս հնարավոր չէ խուսափել ինքնաթռի կործանումից: Վերջին մի քանի օրերը իրապես ծանր էին իշխանությունների համար: Սա իշխանությունների իմ կողմից սպասելի օրգանական ֆիասկոներից երևի թե ամենախոշորն էր: Այժմ նրանք մոտենում են քաղաքական штопор-ին:
Շուրջ երկու տարվա մի շարք հորդորները, վերապահումները շատ են եղել և ունեցել են բացառապես տագնապային հիմքեր: Գիտեմ՝ շատերը գնահատել են այդ նկատառումներս «ձայն բարբառո անապատի», մյուսները թերևս համաձայնվել են, երրորդները պահել են իրենց իշխանության անգիտակից աջակիցների ամենացածր որակների դրսևորմամբ: Սակայն հորդորներիս հիմքում ոչ թե իշխանությունների անձնական քաղաքական հաջողության ցանկությունն է եղել,այլ իմ երկրի քիչ թե շատ չձախողվելու և անդառնալի սխալներից խուսափելու ցանկությունը:
Իշխանությունների սրընթաց штопор-ը ևս իմ երկրի, այսինքն իմ շահերից չի բխում:
Փոխվե՛ք վերջապես, եթե արդեն ընկալում եք փոխվելու օրհասական անհրաժեշտությունը հենց Ձեզ համար: Հակառակ դեպքում ոչ միայն Ձեր կողքին ոչ ոք չի մնա, այլ այդ штопор-ից ձեր օպոնենտները Ձեզ չեն կարողանա փրկել նույնիսկ մեծ ցանկության դեպքում:
Իմ արժեհամակարգով և քաղաքական ընկալումներով ես պետականամետ եմ և համարում եմ, որ իրական ժողովրդավարական և մրցունակ պետություն, կայուն և արժեքահենք հասարակություն ունենալու գրավականը մանիպուլացված և ներքին մաղձերով առաջնորդվող ամբոխի և ամբոխավարների ավտոկրատիայի հաստատման անթույլատրելիությունն է:
Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: