Մեր վարչապետին ասենք՝ դուրս եկեք վեճի տարածքից. Լևոն Դռնոյան
Advertisement 1000 x 90

Մեր վարչապետին ասենք՝ դուրս եկեք վեճի տարածքից. Լևոն Դռնոյան

ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՍԵՆՔ – ԴՈՒՐՍ ԵԿԵՔ ՎԵՃԻ ՏԱՐԱԾՔԻՑ։ ԱՆՀԱՊԱՂ

Վեճի թանձրույթը կպչուն է – ադամանդի պես մաքուր էլ լինես՝ մի բան կկպչի։ Մեր թշնամիներին հաջողվել է վեճի տարածք ներքաշել մեր ամենաթանկ ունեցվածքը։ Աշխատում են սև տեխնոլոգիաները, փողը, ազդեցության գործակալները․․․ Վարչապետը` իր փխրուն ընտանիքով, վեճի մեջտեղում է։

Մենք որքան բնությամբ ստոր, բնազդորեն՝ չարախինդ, մարդկայնորեն՝ սակարկուն պիտի լինենք, որ տեսնենք՝ մեր ազատության խորհրդանիշը փորձության ենթարկված, և լռենք։ Չէ՛, ընդվզում եմ։ Եվ նորից գոչում եմ՝ դե հիմա ինձ լսե՛ք․․․

Մեր Վարչապետ, մենք Ձեզ ընտրել ենք Երկիրը կառավարելու համար, և ոչ խոսքաշատ բանավեճի մեջ ներքաշվելու։ Առանց երկարացնելու ասեմ – պահանջելու նման խնդրում եմ՝ պաշտոնական հայտարարությամբ Դուք և ընտանիքդ դուրս եկեք վեճի այս հորձանուտից։ Վստահեք հանրային և իրավական մեխանիզմներին։ Չե՞ք վստահում – մեխանիզմերի ստեղծմանը ջանքը տվեք։

Առաջ նայեք։ Երկրի ապագայի մեջ եղեք։ Ընտրողներդ Ձեզ մի վեճ են թույլ տալիս – երկրի ապագայի լավագույն ուղիների ընտրության շուրջ վիճեք, որքան ուզում եք։ Ապագայում եղեք։ Եթե այնտեղից նայեք՝ ամեն ինչ ուրիշ կերևա․․․

Եվ մի դրվագ՝ անձնական փորձից։ Մեր Վարչապետ, ուղիղ Ձեր տարիքին՝ մի ծանրագույն վեճի բռնվեցի, հինգ տարի տևեց, յոթ դատական պրոցես անցանք․․․ Հազա՛ր ափսոս, «Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին…»։

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

28․01․2020



Նման նյութեր