Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Passenger.am-ի «Ֆեյսբուք»-ի էջը։
«Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և ուղևորների, հունվարի 28-ին Ryanair-ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով»,- նշված է հայտարարությունում։
Passenger.am-ը տեղեկացնում է, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ, Հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։