Վարչապետի մամուլի ասուլիսի սկզբի հերթական 100-ական փաստի12-րդը նվիրված էր ԿԲ-ի կողմից 2019-ի ընթացքում 565 մլն դոլար գնելուն (և վաճառք չիրականացնելուն):
Ինչը ներկայացվեց որպես Երրորդ հանրապետության պատմության մեջ բացառիկ ցուցանիշ: Դա այդպես է, թե ոչ, թողնենք տնտեսագետներին, թեև, որպես տնտեսական ոլորտի նախկին լրագրող, ես ունեմ իմ կարծիքը: Ինչևէ, ինձ հետաքրքրում է դրան առնչվող մեկ այլ երևույթ. խոսքը դրսից ավտոմեքենա ներկրելու, իսկ այնուհետև հիմնականում ղազախներին վաճառելու մասին է: Պարզվում է, որ անցյալ տարի մեր երկրից հսկայական քանակությամբ ավտոմեքենա գնող ղազախները ստիպված են լինելու գրանցելու դրանք իրենց երկրում և կամ կտրտելու և որպես պահեստամաս վաճառելու: Երրորդ տարբերակը մեքենաների հայաստանյան սեփականատերերին գտնելու և դատի տալու և գումարը հետ ստանալու հնարավորությունն է:
Ի դեպ, ղազախներն այստեղից ավտոմեքենաները տարել են օրենսդրական ինչ-որ նորմեր շրջանցելով: Նորություններում էլ գրվեց, որ ղազախական պաշտոնական պատվիրակություն է եկել Հայաստան՝ մեր երկրի ղեկավարության հետ քննարկելու այդ հարցը: Դեռևս հստակություն չկա, թե որ տարբերակը կընտրվի վերը նշված երեք լուծումներից, բայց բոլոր դեպքերում մենք արդեն խնդիր ունենք ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մեր գործընկերոջ հետ: Եթե ինչ-որ մեկն ասի, որ թքած ղազախների վրա՝ նրանք, միևնույն է, միշտ աջակցում են ադրբեջանցիներին, կարող է մնալ իր կարծիքին, սակայն դրանով հարցը չի լուծվելու: Ինչևէ, շարունակեմ. եթե մենք վաղը կամ հաջորդ օրը չենք լքելու վերը նշված կազմակերպությունները, ապա ստիպված ենք գործընկերային հարաբերություններ պահպանել դրանց բոլոր անդամների հետ: Իսկ խնդիրը, բնականաբար, ծագել է ԵԱՏՄ համապատասխան կարգավորումների չիմացության և միաժամանակ դոլարային ներհոսքից առաջացած էյֆորիայի պատճառով:
Հենց այստեղ է, որ դեմ ենք առնում «հեղափոխական իշխանության» անորակ կադրային բազային և հասարակությանը թվախեղդ անելու վարքագծին: Այս ամենից հնարավոր էր խուսափել, եթե պատերազմ չհայտարարվեր նախկիններին և նախկիններից կազմված պետական համակարգին, սեփական կարծիքը չհամարել անսխալական և պետության կառավարման հիմքում դնել ոչ թե անձնիշխանությունը՝ նախորդից մնացած սուպերվարչապետության և հեղափոխական վստահության հիման վրա, այլ առաջնորդվել իսկապես խորհրդարանական կառավարմանը բնորոշ ինստիտուցիոնալ հիմքով, ինչին, ի դեպ, բազմիցս հղում էր անում նախորդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: