Հայաստանի մարզային հեռուստաընկերություններն աջակցության կարիք ունեն: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ եթե չլինի պետության, հասարակության, գործարար շրջանակի աջակցությունը, ապա մարզային հեռուստաընկերությունները որևէ երաշխիք չունեն մնալու:
«Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա թվային ցանցում մեկ հեռուստաընկերություն: Այսօր այդպիսի հեռուստաընկերություն չկա Արագածոտնի մարզում, Վայոց ձորում և Տավուշում: Ամբողջ աշխարհում պետությունը փորձում է խթանել տեղական տեղեկատվական հոսքերը, երբ խոսվում է տեղական խնդիրների մասին, որոնք մեծացնում են այնտեղի բնակչության սոցիալիզացիան: Եթե Երևանի բնակչի համար հետաքրքիր չէ, թե ինչպես կարելի է մեծ բերք ստանալ այգիներում, ապա Տավուշի, Վայոց ձորի համար հետաքրքիր կլինի»,-ասաց Տիգրան Հակոբյանը:
Այսօր բացի Լոռիից, Շիրակից, ինչ-որ չափով Գեղարքունիքից, մնացածն, ըստ Տիգրան Հակոբյանի, մի կերպ գոյությունը պահպանում են: Եվ եթե հասարակությունը, պետությունը ցանկանում է, որ տեղական հեռուստաընկերությունները կայանան, ապա աջակցություն է անհրաժեշտ:
Տիգրան Հակոբյանն առաջարկեց Հանրային Հեռուստաընկերության պրոդուկտը՝ համերգներ, թարգմանված ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր, ինչ-որ ժամանակ անց տրամադրել մարզային հեռարձակողներին ազատ ցուցադրելու համար: