Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում BMW X5 մակնիշի 90 AP 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-Հարավ նորակառույց ավտոճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: