Ճանաչված հրապարակագիրը փնտրում է ենթադրյալ վաճառված իր երեխային. aravot.am
Advertisement 1000 x 90

Ճանաչված հրապարակագիրը փնտրում է ենթադրյալ վաճառված իր երեխային. aravot.am

Ավելի քան 200 գինեկոլոգներ իրենց աջակցությունն են հայտնում ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին, վստահություն հայտնելով, որ ներկայացվող մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ և կոչ են անում պաշտոնատար անձանց ապահովել վարույթի օբյեկտիվությունը:

…Մինչ ի պաշտպանություն փորձառու գործընկերոջ շարունակվում է մասնագիտական համերաշխության ակցիաները, մեզ հայտնի դարձավ, որ ճանաչված հրապարակագիր Հրայր Ուլուբաբյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտե: Ահա թե ինչ ներկայացրեց նա:

ՄԱՆԿԱՎԱՃԱՌԸ

«1983թ. կինս պառկած էր Հանրապետական հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում։ Այդ ժամանակ բաժանմունքի վարիչն էր Ռազմիկ Աբրահամյանը, իսկ հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգն էր հարգելի Մարտիկյան Մարգարիտա Սուրենովնան: Կինս նոյեմբերի 3-ին ծննդաբերեց մի տղա, որի մասին ծննդաբերությունից անմիջապես հետո ծնունդն ընդունած բժշկուհին ինձ ասաց, որ երեխայի վիճակը լավ է։ Իմ հարցին՝ ի՞նչ է նշանակում այդ լավը. Ապգարի սանդղակով քանի՞ բալ եք դուք գնահատել, նա պատասխանեց՝ 9։

Դա 10 բալանի համակարգում, իհարկե, լավ է։ Հաջորդ օրը հիվանդանոցում ինձ հայտնեցին, որ երեխան մահացել է: Երեխայի դիակը ոչ կնոջս են ցույց տվել, ոչ էլ ինձ: Բժիշկների ու քույրերի բացատրությունները նորածնի մահվան պատճառի մասին համոզիչ չէին: Գնացի դիահերձարան և կարողացա ծանոթանալ նորածնի փաստաթղթային տվյալների հետ. համարյա բոլոր ցուցանիշները ջնջված-փոխված էին։ Ընդհանուր գնահատականը 5 բալ էր դարձված…

Բժիշկների ու քույրերի անհեթեթ պատասխանների և տվյալների կեղծման մասին հայտնեցի Մարգարիտա Սուրենովնային։ Լսածից զարմացած, իմ ներկայությամբ զանգեց ու իր մոտ հրավիրեց ծնունդն ընդունած և հետո երեխային «խնամած» բժիշկներին։ Ըստ երևույթին չէին հասցրել պայմանավորվել և իրար հակասող բացատրություններ էին տալիս… Մարգարիտա Սուրենովնան ինձ խնդրեց բավարարվել բացահայտածով և խոստացավ մեղավորի գործով ինքնուրույն զբաղվել։ Անկեղծ ասած, այդ ժամանակ մտքներովս չեր անցնում, որ կարող է կեղծված լինի նաև մահվան փաստը: Երկու տարի հետո կինս կրկին պետք է ծննդաբերեր, հղի էր երկու պտուղներով։ Տառապում էր սակավարյունությամբ։

Պառկած էր նույն Հանրապետական հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքում։ Այդ ժամանակ էլ բաժանմունքի վարիչն էր Ռազմիկ Աբրահամյանը։ Կնոջս բուժման ընթացքում մի օր բուժող բժշկուհին հայտնեց, թե՝ «շատ բարդ իրավիճակ է ստեղծվել. կամ կնոջդ պետք է փրկենք, կամ երեխաներին»։ Ասացի՝ «համ կնոջս պետք է փրկենք, համ երեխաներին»։ Բժշկուհու հիմար բացատրությունները լսելուց հետո դիմեցի պրոֆեսորին՝ Մարգարիտա Սուրենովնային։ Նա ինձ խնդրեց, որ բժիշկների հետ այսուհետ գործ չունենամ և հարցեր ունենալու դեպքում դիմեմ իրեն։ Խոստացավ անձամբ հետևել կնոջս բուժման գործընթացին…

Եվ շնորհիվ Մարգարիտա Սուրենովնայի, որը թույլատրեց ինձ միջամտել բուժման պրոցեսին, կինս ծննդաբերեց, լույս աշխարհ բերելով մի տղա և մի աղջիկ, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 3100գ և 3000գ, երեքն էլ՝ և՛ մայրը, և՛ երեխաները, ողջ և առողջ: Այժմ, երբ հանրությանը հայտնի է դարձել նորածինների վաճառքի բազմաթիվ փաստեր՝ կապված Ռազմիկ Աբրահամյանի անվան հետ, ես և իմ երեխաների մայրը՝ Կարինե Մուշեղյանը, շատ հավանական համարեցինք, որ մեր անդրանիկ որդին ողջ է և նա, պարզապես, Հանրապետական հիվանդանոցի ծննդատան աշխատակիցների հանցավոր գործարքի արդյունքում հայտնվել է օտար ընտանիքում…

Հիմա հասկանում եմ, թե զույգի ծնվելու ժամանակ բժշկուհին ինչու էր ասում՝ «շատ բարդ իրավիճակ է ստեղծվել. կամ կնոջդ պետք է փրկենք, կամ երեխաներին»: Կ արծում եմ՝ Ռազմիկ Աբրահամյանը տասնյակ տարիներ այսպիսի հանցավոր գործունեությամբ կարող էր զբաղվել միայն իրավապահ մարմինների աջակցությամբ: Հուսանք, որ մեր երկրի ներկա հեղափոխական շրջանում քննչական կոմիտեն իրեն կարդարացնի»:

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

29.01.2020

Ավելի մանրամասն՝ aravot.am