Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.49 երթուղու գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ժամանակավորապես, փորձնական կարգով, երթուղին կսպասարկվի «Բասլենդ» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) և «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ) ավտոբուսներով: Տարվում են նաև աշխատանքներ՝ առաջիկայում երթուղին համալրելու ուղղությամբ:
Սկզբնական շրջանում պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Թիվ 49 երթուղին սպասարկող միկրոավտոբուսներն իրենց երթուղին սկսում էին Շենգավիթից, անցնում Բագրատունյաց պողոտայով ու Գարեգին Նժդեհի փողոցով, այնուհետև Խանջյան փողոցով, Սայաթ–Նովայի պողոտայով և Կորյունի փողոցով հասնում Կոմիտասի պողոտա։ Վերջին կանգառը Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանն էր։