Փաշինյանից հետո հաջորդ վարչապետը հոգեբանի կարիք է ունենալու
Advertisement 1000 x 90

Փաշինյանից հետո հաջորդ վարչապետը հոգեբանի կարիք է ունենալու

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արցախյան բանակցային խաղաքարտի անհարկի և անբարոյական շահարկումները մի օր քանդելու են բոլորիս տունը: Տարիների ընթացքում տիրաժավորվող միֆեր, հերյուրանքներ, դեմքի լուրջ արտահայտությամբ արտաբերվող հիմարություններ՝ սա ստի և կեղծիքի թագավորության զինանոցի մի մասն է ընդամենը:

Դեռ անցյալ տարի հայկական տեղեկատվական դաշտ նետվեց հերթական “սենսացիոն” զառանցանքը առողջության հետ ակնհայտ լուրջ խնդիրներ ունեցող մի նախկին բարձրաստիճան ԱԱԾ-ականի կողմից: Տո էլ «հեղափոխությունը կանխեց Արցախի հանձնումը», էլ «ամերիկացիք Սերժ Սարգսյանին 5 մլրդ փող էին տալիս հողերի դիմաց»… ինչ անհեթեթություն ասես, որ չլսեցինք: Իսկ Փաշինյանի ձեռքերում խամաճիկ դարձած փառապանծ ԱԱԾ-ն, այս ապատեղեկատվությունն հերքելու, բարաբանջանքների հեղինակի մասին հանրությանը պատշաճ իրազեկելու փոխարեն, գերադասեց շրջանցել այս հարցադրումները՝ կամա թե ակամա նպաստելով դրանց անբարո շահարկումներին իշխանական քարոզչամեքենայի կողմից:

Եվ ահա օրերս այն ցնդաբանությունները հայկական մեդիադաշտ վերադարձվեցին Սամվել Բաբայանի հաղորդագրության տեսքով: Երբ՝ «հեղափոխությունը փրկեց Արցախը» և «Սերժը 5 մլրդ-ով ծախում էր հողերը» տիպի կլոունադան ասվում է ոչ ադեկվատ մարդու կողմից՝ սա դիագնոզ է: Սակայն երբ այդ նույն թեզերը կրկնում է Արցախյան ազատամարտի կարևորագույն մասնակիցներից մեկը, քաղաքականությամբ զբաղվելու տարիներ շարունակ անհաջող փորձեր անող մարտական գեներալը, սա արդեն կեղտոտ խաղ է:

Սթափ մտածող մարդու համար անհասկանալի են այս խաղի շարժառիթները: Հաճոյանա՞լ Նիկոլին: Անիմաստ է, քանզի նա կորցրել է իր արևով սուտ երդվողների հաշիվը: Ստանալ նրա «դաբրո՞ն» Արցախի ընտրություններին ընդառաջ: Ուշացած է, քանզի «господин назвал меня любимой женой» շոուի քաստինգն արդեն ավարտվել է: Օգտվելով սերնդափոխության ֆենոմենից՝ մոռացությա՞ն տալ Արկադի Ղուկասյանի հանդեպ մահափորձի քրեական գործը և վերափաթեթավորվե՞լ, որպես «20 տարի փորձում էին հեռացնել ինձ քաղաքական դաշտից, որ հողերը հանձնեն» իրականության հետ որևէ աղերս չունեցող իմիջի մեջ: Դե սա էլ բանալ սուտ է:

Փաշինյանի կապանյան ասուլիսից հետո նորից ակտուալացավ «թողած ժառանգություն» թեզը: Վարչապետը Մինսկի խմբի համանախագահների 2018 թվականի հունվարյան առաջարկություններն անվանեց «Սերժի թողած ժառանգություն»:

Ի՞նչ ենք մենք իրականում թողել Փաշինյանին որպես ժառանգություն: Ազատ Արցախի պետականություն, 8000 քառակուսի կիլոմետր ազատագրված տարածք, մարտունակ և ուժեղ բանակ, բազմաշերտ ու էֆեկտիվ դիվանագիտություն:

Իսկ եթե համանախագահների առաջարկություններն անվանենք ժառանգություն, ապա նրանց կողմից արված ցանկացած առաջարկություն, այդ թվում՝ 10 ժամից ավել տևած վերջին բանակցային մարաթոնի ընթացքում, անկախ Նիկոլի հռետորաբանական ճամարտակություններից, այլևս համարելու ենք նրա կողմից ընդունված փաստ և իրականություն:

Եվ մի դառը կանխատեսումով ավարտեմ. Նիկոլ Փաշինյանից հետո հաջորդ վարչապետին թողած «ժառանգությունը» լինելու է այնպիսին, որ վերջինս, ընթերցելով արցախյան դոսյեն, հաստատ հոգեբանի կարիք ունենալու է»:



Նման նյութեր