Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծերի` Երևանի քաղաքապետարանի հայտարարած բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել։ Այս մասին Facebook-ի իր գրառման մեջ հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Երևանի քաղաքապետարանում այսօր կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը: Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել»,– գրում է նա։
Բայց քաղաքային իշխանությունը Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ունենալու գաղափարից չի հրաժարվել։ Հայտարարվել է նոր մրցույթ, որի հայտներն ընդունվում են մինչև ս.թ. փետրվարի 24-ը։
Նշենք, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը քաղաքապետարանը նախատեսում է տեղադրել Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում։
Հուշարձանի նախագծի հայտարարված բաց մրցույթի հայտարարության մեջ Երևանի քաղաքապետարանը նշել էր, որ հուշարձանի գաղափարական հորինվածքը պետք է սահմանափակվի ձեռքերի և նշմարվող մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումներն ու դիմանկարային նմանությունները։ Իսկ կրող հարթակի վերնամասում պետք է փորագրված լինի «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»։
Հաղթող նախագծի հեղինակին քաղաքային իշխանությունը նաև 2 մլն դրամի պարգևատրում էր խոստացել։
Հիշեցնենք` 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։
Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։