Շիրակի մարզի դատախազությունը պատրաստվում է հարցաքննության հրավիրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Տեղեկությունն այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողներին փոխանցեց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ղուկասյանը հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում:
Խնդիրը կապված է «Թումոյին» տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների հետ: Դատախազի խոսքով` մասնավորապես վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների և շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314 հոդվածի հատկանիշերով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակներում, ըստ Գաբրիելյանի, պարզել են նաև, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմում:
Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկանան, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաև Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: «Ինչքան տեղյակ եմ Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել, բայց մենք նախաձեռնում ենք հարցաքննության հրավիրել նրան: Ես առերևույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ։ Բայց վերջնական գնահատական կտանք, երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը։ Այդ ժամանակ կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,-ասաց դատախազը:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am