Հայկական Krisp հավելվածը հասանելի է արդեն iOS-ի համար։ Այս մասին տեղեկացնում է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
Հավելվածը iOS-ի օգտատերերին առաջարկում է՝
✅ Անաղմուկ բիզնես և կոնֆերենս զանգեր
✅ Միացում Webex, Zoom և Hangouts-ի միթինգներին մեկ հպումով
✅ Օրացույցում առկա բոլոր միթինգները ավտոմատ կերպով հայտնվում են Krisp-ի ցուցակում
✅ Զանգեր ԱՄՆ-ում և Կանադայում ցանկացած հեռախոսային համարի
✅ Զանգեր ցանկացած տեղից՝ փողոցից, ռեստորանից կամ երեխաների մոտից։
Այս պահին հավելվածը տալիս է շաբաթական 60 րոպե անվճար զանգելու հնարավորություն։
Krisp-ը գործում է Deep Neural Networks ցանցի միջոցով և հեռացնում է զանգի՝ ձեր կողմից առաջացած ֆոնային աղմուկը։
Krisp-ը iOS-ի համար ունի արհեստական ինտելեկտով աշխատող աղմուկի չեղարկում, որն աշխատում է՝ անկախ նրանից, թե ինչպես եք պահում ձեր հեռախոսը և ինչ ականջակալներ եք օգտագործում:
«Ունենք աղմուկների ձայնային մեծ բազա, մարդկային բազմաթիվ ձայներ, ձայնագրություններ, և դրանց շնորհիվ ստացել ենք տվյալների այն շտեմարանը, որն օգտագործում ենք նեյրոնային ցանցի ուսուցման համար: Նեյրոնային ցանցը մեր ստեղծածն է, որին սովորեցրել ենք մարդկային ձայնը աղմուկից տարբերելու հմտությունը: Փաստացի մենք համակարգչին «սովորեցնում» ենք աղմկոտ ձայնագրության մեջ տարբերակել մարդու ձայնը։ Հեռախոսազրույցի ընթացքում ձայնն իրական ժամանակում սերվերի միջոցով մշակվում է ու ենթարկվում որոշակի փոփոխությունների: Արդյունքում՝ առանց աղմուկի ձայնը փոխանցվում է խոսակցին»,- նշել է Արտավազդ Մինասյանը։
Product Hunt հարթակում հայկական հավելվածն այսօր լավագույն երկորրդ նախագիծն է։
Արտավազդ Մինասյանի խոսքով՝ Android-ի համար նախատեսված տարբերակը հասանելի կլինի առաջիկա ամիսներին։
Krisp աղմուկի հեռացման տեխնոլոգիային կարող եք ծանոթանալ 168․am-ի անդրադարձում։
Սիրարփի Աղաբաբյան