Փետրվարի 3-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ , ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դրածո Երվանդ Սերոբյանի կողմից թույլ տրված ապօրինություններին և մի շատ հետաքրքիր բացահայտում էր արել…
Պարոն Գաբրիելյանը, նախ հայտնել էր, որ մի քանի օր հետո իրավական գնահատական կտրվի ռեկտորի ԺՊ-ի արարքին, ինչպես նաև բացահայտել էր, որ հայտնի ձայնագրության մեջ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Վարդան Մանուկյանը հայտնել է, որ նա Երվանդ Սերոբյանից գումար է ստացել վերջինիս փոխարեն դասերը պարապելու համար… Հետաքրքիր է, այս բացահայտումը ինչի՞ համար արեց պարոն դատախազը… Չլինի ցանկանում է մեղմել ռեկտորի ԺՊ-ին մեղսագրվող հանցագործությունը, որն ուղղակի աբսուրդ է, քանի որ նույնիսկ այդ դեպքում պարոնայք ամբիոնի վարիչը և ռեկտորի ԺՊ-ն պետք է ներկայացնեն իրենց հանցավոր գործարքի հիմքերը, որոնք նրանք ոչ միայն չունեն, այլև չեն էլ կարող ունենալ… Բացի այդ, իսկ ո՞վ է ասել, որ ամբիոնի վարիչը ճիշտ է ասել… Ինձ հետ զրույցում, որի ձայնագրությունը չգիտես ինչպես է հայտնվել համացանցում, պարոն Մանուկյանը հարցիս, թե արդյոք գումար ստացե՞լ է Սերոբյանից նրա փոխարեն դասերը պարապելու, պրակտիկաները և կուրսային աշխատանքները ղեկավարելու համար, բացասական պատասխան է տվել…
Իրականում պարոն Գաբրիելյանը բացահայտեց, որ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն իր անօրինականությունները գործել է հանցավոր համաձայնության գալով ամբիոնի վարիչի հետ՝ դասերը չպարապելու դիմաց, առանց համապատասխան փաստաթղթավորման դասախոսների փոփոխություն է տեղի ունեցել և շրջանցելով բուհի հաշվապահությունը այդ երկուսը գումարային գործարքներ են իրականացրել… Հետաքրքիր է, սա ինչպե՞ս կմեկնաբանի պարոն Գաբրիելյանը…
Բացի այդ, պարոն Գաբրիելյանը, չգիտես ինչու, միայն անդրադարձավ Սերոբյան-Մանուկյան իբրև թե գումարային դրվագին, բաց թողնելով կամ միտումնավոր լռելով այն մասին, որ պարոն Սերոբյանը հեռակա որոշ կուրսերի մոտ ընդհանրապես դասի չի մտել և նրան այդտեղ չի փոխարինել նաև Մանուկյան Վարդանը,ինչպես նաև լռեց թույլ տրված պաշտոնեական կեղծիքի մասին, երբ դասերը պարապած, միջանկյալ և ամփոփիչ ստուգումներն իրականացրած Վարդան Մանուկյանի փոխարեն ստուգման ամփոփաթերթիկները, պրակտիկայի օրագրերը և կուրսային աշխատանքերը ստորագրել է ռեկտորի ԺՊ-ն… Դասամատյանները ստուգել եք ո´վ է լրացրել, ու´մ ձեռագիրն է, պարոն Գաբրիելյան:
Հ.Գ. Շիրակի մարզի դատախազը իր մամլո ասուլիսի ժամանակ բացահայտ մեղադրեց ռեկտորի ԺՊ-ին և ամբիոնի վարիչ Մանուկյան Վարդանին հանցավոր համաձայնության գալու և պաշտոնեական կեղծիքի մեջ… Պարոն Գաբրիելյանը պետք է հասկանա մեկ բան. եթե փորձի պատվեր կատարել և ռեկտորի ԺՊ-ին պաշտպանել, ապա դա կհանգեցնի տարրական ամենաթողության ՇՊՀ-ում, երբ ամեն մի դասախոս, շրջանցելով բոլոր օրենքները, իր գործընկերոջը գումարի դիմաց կխնդրի իր փոխարեն մտնել լսարան և դաս պարապել, պրակտիկա և կուրսային աշխատանքներ ղեկավարել… Իսկ բացատրությունը հետևյալն է՝ ինչով են նրանք պակաս սուպերնախարար Արայիկ Հարությունյանի դրածո ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանից… Երվանդ Սերոբյանը չի կատարել իր աշխատանքային պայմանագրով ամրագրված պարտականությունները, չի մատուցել կրթական ծառայություններ, դիմել է կեղծիքների, հետևաբար նա պետք է պատասխանատվության ենթարկվի…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: