Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Դատական նիստի ընթացքում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Գրիգորյանը նույնպես միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Ավելի վաղ, Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանների նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա, քանի որ առկա չէին հունվարի 21-ի դատական նիստին չներկայանալու հիմքեր:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին:
Գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: