Երևանում բժիշկները փրկել են կյանքի հետ անհամատեղելի դեղորայքային գերդոզավորմամբ կնոջ կյանքը
Advertisement 1000 x 90

Երևանում բժիշկները փրկել են կյանքի հետ անհամատեղելի դեղորայքային գերդոզավորմամբ կնոջ կյանքը

Երևանում բժիշկները փրկել են կյանքի հետ անհամատեղելի դեղորայքային գերդոզավորմամբ կնոջ կյանքը։ 33-ամյա կինը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք մեկ այլ բժշկական կենտրոնից, 2019 թվականի դեկտեմբերին: Բժիշկները ախտորոշել են կյանքի հետ անհամատեղելի, մետաբոլիկ խանգարումներով վիճակ:

Հարազատների խոսքով՝ պացիենտը տառապում է էպիլեպսիայով, ինչի հետևանքով մշտապես ընդունում է համապատասխան դեղորայք: Հետազոտությունը ցույց է տվել, որ ծայրահեղ ծանր վիճակն առաջացել է դեղորայքի գերդոզավորման հետևանքով։

Պացիենտը միացվել է արհեստական շնչառության ապարատին, կատարվել է հեմոդիալիզ` սուր երիկամային անբավարարության պատճառով, տեղադրվել է տրախեոստոմիկ խողովակ:

25 օր անց պացիենտի երիկամներսը սկսել են գործել, և նրան անջատել են հեմոդիալիզի սարքից: Արդեն 30-րդ օրը կինը գիտակցության նշաններ է ցույց տվել, որից հետո անջատվել է արհեստական շնչառության ապարատից, և տրախեոստոմիկ խողովակը հեռացվել է:

«Նման դեղորայքային թունավորմամբ և կլինիկոլաբորատոր տվյալներով հիվանդների մահացությունն աշխարհում բավական բարձր տոկոս է կազմում: Կարող եմ ասել, որ այսպիսի մետոբոլիկ շեղումներով դեպքերի նկարագրությունը և դրական արդյունքը ողջ աշխարհում հաշված թվով են», – նշել է ՍԳԼ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանը` հավելելով, որ պացիենտն արդեն լավ է և այսօր դուրս է գրվում:

news.am