ՀՀ քաղաքացի Մարինա Խաչատուրյանը Մցխեթա–Ստեփանծմինդա ճանապարհահատվածում ձնահոսքի պատճառով ձորը գլորված մեքենայի ուղևորներից է։ Կնոջը հաջողվել է փրկվել, ինչի մասին նա պատմել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 4-ին Մցխեթա–Ստեփանծմինդա–Կարս ճանապարհահատվածին։ Մեքենան գլորվել է ձորը ձնահոսքի պատճառով։ Ուղևորներից մեկը, որը ՌԴ քաղաքացի էր, տեղում մահացել է, երկրորդը` ՀՀ քաղաքացին, և վարորդը` Վրաստանի քաղաքացին, տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Մենք մեքենայով գնում էինք և հաշված րոպեների ընթացքում հայտնվեցինք ձորում։ Ես սկսեցի բղավել, փորձում էի դուրս գալ։ Ինձ օգնում էր վարորդը։ Ես արդեն ուժասպառ էի եղել, ցուրտ էր», – պատմել է Մարինան։
Տուժածներին օգնել են դեպքի վայր ժամանած ոստիկանները։ Մարինային և վարորդին շտապօգնության մեքենայով բուժկենտրոն են տեղափոխել։
«Հիմա ինձ ավելի լավ եմ զգում»,– ասել է ՀՀ քաղաքացին։
Կինը անրակի վնասվածք և հոդախախտում ունի։
Հիշեցնենք, որ ձնահոսքի պատճառով, նախօրեին Մցխեթա–Ստեփանծմինդա ճանապարհահատվածը ժամանակավոր փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես հայտնում է Գուդաուրի Նյուզ տելեգրամ ալիքը, կեսգիշերին երթևեկությունը վերականգնվել էր։
Միևնույն ժամանակ, առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով հունվարի 31-ից «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհի որոշակի հատվածում երթևեկությունը որոշ ժամանակով փակ էր։ Ճանապարհը բացել էին փետրվարի 2-ին, սակայն ժամանակ առ ժամանակ սահմանափակումներ էին մտցվում այս կամ այն տրանսպորտային տեսակների տեղաշարժի համար։